Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորը կարող էր լինել միայն Ռուսաստանը․ Պուտին

Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորը կարող էր լինել միայն Ռուսաստանը․ Պուտին
Աշխարհ
20:00, 19 декабрь 2023
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորական վերնախավի հետ այսօր կայացած հանդիպմանն ասել է, թե Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմել Եվրոպայի դեմ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն է Ռուսաստանին ու Եվրոպային ներքաշել այսօրվա պատերազմի մեջ։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ միայն Ռուսաստանը կարող էր լինել Ուկրաինայի տարածքային ամբողջականության երաշխավորը։
«Չե՞ն ուզում, պետք չէ։ Բայց մերը չենք տա։ Ահա թե ինչ պետք է բոլորը հասկանան և՛ Ուկրաինայում, ովքեր ագրեսիվ են տրամադրված Ռուսաստանի դեմ, և՛ Եվրոպայում, և՛ Միացյալ Նահանգներում»,- ասել է Պուտինը Ռուսաստանի բանակի ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպմանը։

Նա նաև շեշտել է, որ Ռուսաստանն արդիականացնում է իր միջուկային զինանոցը և իր ռազմավարական ուժերը պահում է պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա, քանի որ, Պուտինի պնդմամբ, Արևմուտքը «հիբրիդային պատերազմ» է վարում Ռուսաստանի դեմ։

Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի իր «հատուկ ռազմական գործողությունը» Ուկրաինայում, և որ Ռուսաստանին ռազմավարական պարտություն պատճառելու բոլոր փորձերը փլուզվել են:

Ռուսաստանի ղեկավարը «հատուկ ռազմական գործողություն» է անվանում Ուկրաինա ներխուժելը, չհրահրված պատերազմ սկսելը, որն արդեն տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել։