Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բայդեն-Պուտին հանդիպում տեղի չի ունենա. Ուկրաինայի շուրջ լարվածությունը շարունակվում է

Բայդեն-Պուտին հանդիպում տեղի չի ունենա. Ուկրաինայի շուրջ լարվածությունը շարունակվում է
Քաղաքականություն
21:01, 22 декабрь 2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնում է «կոշտ պատասխան տալ», եթե Արևմուտքը հետ չկանգնի Ուկրաինայի հարցում որդեգրած դիրքերից, փոխանցում է VOA-ն:

Մոսկվան տասնյակ հազարավոր զորքեր է կուտակել նախկին խորհրդային հանրապետության հետ սահմանին և պահանջում է, որ ՆԱՏՕ-ն երաշխավորի, որ դաշինքն իր կազմում երբեք չի ընդունի Ուկրաինային եւ ոչ էլ զորքեր ու զինամիջոցներ կտեղակայի այնտեղ:
Երեքշաբթի օրը, Մոսկվայում ելույթ ունենալով ռազմական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, Պուտինն ասել է, որ Ռուսաստանը նահանջի տեղ չունի:

«Այն, ինչ նրանք հիմա անում են Ուկրաինայի տարածքում, կամ փորձում են անել, տեղի է ունենում ոչ թե մեր պետական սահմանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա, այլ մեր դարպասների մոտ: Նրանք պետք է հասկանան, որ մենք նահանջելու տեղ չունենք», ասել է Պուտինը:
Ըստ Ռոյթերսի, երեքշաբթի օրը ԱՄՆ-ը ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է բանակցություններ վարել Պուտինի հետ՝ անվտանգության հարցում նրա մտահոգությունների շուրջ, սակայն Ռուսաստանի առաջնորդի պահանջներից շատերը Վաշինգտոնի և նրա դաշնակիցների կողմից համարվում են անհիմն:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Եվրոպայի գծով գլխավոր դիվանագետ Քարեն Դոնֆրիդը հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ռազմական տեխնիկա և մատակարարումներ ուղարկել Ուկրաինա:

Ռուսաստանը հերքում է իր կողմից Ուկրաինա ներխուժում իրականացնելու նպատակ ունենալու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները:
Այս զարգացումներից հետո ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ չի նախատեսվում հանդիպում նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև այն ժամանակ, երբ ռուսական զորքերի կուտակումները շարունակվում են Ուկրաինայի սահմանին:

«Կարծում եմ, որ պետք է նախ սպասել, տեսնելու համար, թե արդյոք դիվանագիտական առումով որևէ առաջընթաց կա, թե ոչ»:
«Մենք ուզում ենք տեսնել Ռուսաստանում դեէսկալացիա, ուզում ենք, որ ռուսական ուժերը հետ քաշվեն Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բլինքենը: