Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել՝ Բեյրութի նավահանգստի պայթյունից մեկ տարի անց

Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել՝ Բեյրութի նավահանգստի պայթյունից մեկ տարի անց
Աշխարհ
17:00, 10 сентябрь 2021
Բեյրութի նավահանգստի ավերիչ պայթյունի արդյունքում  նախորդ վարչակազմի պաշտոնաթողությունից ավելի քան մեկ տարի անց Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել, հաղորդում է BBC-ն։

Նաջիբ Միքաթին դարձել է Լիբանանի վարչապետ։ Նա Լիբանանի ամենահարուստ մարդն է համարվում և նախկինում էլ երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ Նրա նշանակմամբ և նոր կառավարության կազմավորմամբ երկիրը վերականգնվում է ամիսներ շարունակ  քաղաքականապես կաթվածահար եղած վիճակից։

Լիբանանն ապրում է իր պատմության ամենածանր ներքին ճգնաժամը. երկրում աճել են  գործազրկությունն ու գնաճը, էլեկտրաէներգիայի, վառելիքի և դեղորայքի հասանելիության խնդիր կա, և երկիրը ցնցված է գրեթե երկու տարի տևած բողոքի ցույցերից, որոնք տեղի էին ունենում քաղաքական բարեփոխումների պահանջով: 

Հիշեցնենք, որ Լիբանանը 1 տարի է, ինչ չուներ ձևավորված կառավարություն, քանի որ նախկին վարչապետ Հասան Դիաբը հրաժարական էր տվել՝ 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի ողբերգական պայթյունից մի քանի օր անց։

Պայթյունը, որն առաջացել էր ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորման հետևանքով, խլեց 203 մարդու կյանք, առնվազն 6000 հոգի վիրավորեցին, և երկրին միլիարդավոր դոլարների վնաս հասցվեց։

Սյուզի Սիրականյան