Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուգանսկում երեկվա համեմատ այսօր շատ հանգիստ է, երեկ 50-ից ավելի զոհ է եղել. Լուգանսկի հայ համայնքի ղեկավար

Լուգանսկում երեկվա համեմատ այսօր շատ հանգիստ է, երեկ 50-ից ավելի զոհ է եղել. Լուգանսկի հայ համայնքի ղեկավար
Աշխարհ
16:37, 25 февраль 2022
«Լուգանսկում երեկվա համեմատ այսօր շատ հանգիստ է, միայն կրակոցների ձայներ են լսվում: Այստեղ ապրող հայ ընտանիքների քսան տոկոսը, մեծ մասը՝ կանայք և երեխաներ, դուրս են եկել և հիմնականում բնակվում են սահմանին մոտակա Ռուսաստանի քաղաքներում՝ իրենց բարեկամների տներում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Լուգանսկի հայ համայնքի ղեկավար Վարդան Հայրապետյանը:  
Նրա խոսքով՝ Լուգանսկի սահմանագիծ գոտում ավերածություններ կան, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների. «Երեկ ռազմական գործողությունների ժամանակ Լուգանսկի կողմից զոհեր են եղել, այդ թվում՝ քաղաքացիական անձինք են վիրավորվել ու զոհվել: Երեկվա դրությամբ հիսունից ավելի զինծառայող է զոհվել: Այսօր էլ եմ զանգել հիվանդանոց, վիրավորներ կան»:   
Վարդան Հայրապետյանը նշեց, որ զինծառայողների մեջ նաև հայեր կան, մի քանի հոգի էլ, ռազմական դրությամբ պայմանավորված, կամավորագրվել և մասնակցում են ռազմական գործողություններին: «Հիմա հավաք է գնում, մենք էլ այս երկրի քաղաքացի ենք և պետք է մեր պարտականությունները կատարենք»,- ասաց նա:

Լուգանսկի հայ համայնքի ղեկավարն ընդգծեց, որ այս պահի դրությամբ մոտ երեք հազար հայ ընտանիք է ապրում Լուգանսկում: «Կապի մեջ եմ իրենց հետ՝ Հայաստան գալու ցանկություն չունեն, չեն էլ կարող դուրս գալ, որովհետև տասնութից մինչև հինսունհինգ տարեկան Լուգանսկի բնակիչ տղամարդիկ իրավունք չունեն դուրս գալու»,- ասաց Վարդան Հայրապետյանն ու հավելեց, որ  Լուգանսկում բաց են միայն սուպերմարկետներն ու բենզալցակայանները:  

Նշենք, որ երեկ վաղ առավոտյան Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն սկսեց Ուկրաինայի դեմ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ընդգծեց, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներն են իրեն պաշտպանության խնդրանքով դիմել, և հատուկ ռազմական գործողությունների նպատակը այնտեղ ապրող՝ տարիներ շարունակ հալածանքի ենթարկված ժողովրդին, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիներին, պաշտպանելն է:

Նարա Մարտիրոսյան