Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կնոջս առողջականի մասին կատակը անընդունելի է. Սմիթը ներողություն է խնդրել «Օսկարում» Ռոքիին հարվածելու համար

Կնոջս առողջականի մասին կատակը անընդունելի է. Սմիթը ներողություն է խնդրել «Օսկարում» Ռոքիին հարվածելու համար
Աշխարհ
12:04, 29 март 2022
Ամերիկացի դերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող Ուիլ Սմիթը ինստագրամյան իր էջի միջոցով ներողություն է խնդրել  երեկ «Օսկարի» ժամանակ տեղի ունեցած դեպքի համար: Դերասանը մրցանակաբաշխության ժամանակ հարվածել էր ամերիկացի կատակերգու, դերասան Քրիս Ռոքին, ով կատակել էր Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի՝ գլխի մազերը սափրած լինելու համար:

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ թունավոր է ու կործանարար։ Երեկ գիշերվա իմ պահվածքը մրցանակաբաշխության ընթացքում անընդունելի է և աններելի»,- գրել է Սմիթը իր ինստագրամյան հրապարակման մեջ, շարունակելով՝ «կատակը իմ աշխատանքի մի մասն է, բայց այլ է, երբ դու լսում ես կատակ կապված քո կնոջ առողջական վիճակի մասին: Դա էր պատճառը, որ ես այն ընդունեցի շատ էմոցիոնալ»:

Դերասանը ներողություն է խնդրել կատակերգու Քրիսից: Նշելով, որ ամաչում է իր գործողությունների համար:

«Սիրո ու բարության աշխարհում բռնությունը տեղ չունի: Ես ուզում եմ ներողություն  խնդրել ամերիկյան կինոակադեմիայից, շոուի կազմակերպիչներից ու բոլոր ներկաներից, ինչպես նաև ամբողջ աշխարհի հանդիսատեսից»,- գրել է նա:  

Ուիլ Սմիթը հրապարակումը եզրափակել է՝ ներողություն խնդրելով Ուիլյամս ընտանիքից և «Ռիչարդ արքա» ֆիլմի ամբողջական կազմից․ ֆիլմը նրան «Օսկար» է բերել «Լավագույն դերասան» անվանակարգում։

«Օսկարի» 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ բեմ դուրս եկած ամերիկացի կատակերգու, դերասան Քրիս Ռոքը, որը պետք է մրցանակ հանձներ անվանակարգերից մեկում ճանաչված հաղթողին, կատակել էր Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթ Սմիթի՝ դերերից մեկում գլխի մազերը սափրած լինելու համար: Դրանից հետո Սմիթը բարձրացել է բեմ և ապտակել Ռոքին: Սկզբում բոլորին թվացել է, թե բեմադրված տեսարան է, սակայն Սմիթը, վերադառնալով իր տեղը, նաև բարձրաձայն բղավել է հաղորդավարի վրա՝ ասելով. «Չհամարձակվես կնոջս անունը տալ»:

Լրագրողի հետ զրույցում Քրիս Ռոքը, անդրադառնալով  տեղի ունեցածին, կրկին կատակել է՝ ասելով. «Մենք կրքոտ մարդիկ ենք»:

Ջադա Փինքեթ Սմիթը երկար տարիներ է՝ հիվանդ է ալոպեցիա հիվանդությամբ, որն էլ մազաթափության պատճառն է: Տևական ժամանակ է՝ նա բուժում է ստանում հիվանդության դեմ: Նախկինում ամուսինները թաքցնում էին հիվանդության փաստը, սակայն մի քանի շաբաթ առաջ Սմիթի կինը հայտարարել է դրա մասին և նշել, որ չի պատրաստվում այլևս թաքցնել:

Աղբյուր՝ armtimes.com