Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավստրիան իրավունք չունի ուկրաինական օբյեկտների հրետակոծության դադարեցման կոչ անելու մեզ. Պեսկով

Ավստրիան իրավունք չունի ուկրաինական օբյեկտների հրետակոծության դադարեցման կոչ անելու մեզ. Պեսկով
Աշխարհ
14:55, 10 октябрь 2022
Կրեմլը համաձայն չէ Ավստրիայի հայտարարության հետ, որը «մեղադրել է Ռուսաստանին» և կոչ արել «դադարեցնել ուկրաինական օբյեկտների հրետակոծությունը»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցում մեկնաբանել է այդ կոչը և ասել. ««Ոչ, համաձայն չենք: Ավստրիան, եթե մենք ճիշտ ենք հասկանում, չի մեղադրել Ուկրաինային Ռուսաստանի ծայրահեղ կարևոր ենթակառուցվածքներին հարվածելու համար: Ուստի հազիվ թե նրանք իրավունք ունեն նման հայտարարություններ անելու»: 

Նա գովաբանել է Ղրիմի կամրջի պայթյունի հետևանքների վերացման մասնակիցներին։ «Եվ ԱԻՆ-ը, և բոլոր մյուս ծառայություններն ու գերատեսչությունները, որոնք ներգրավված էին այս ահաբեկչական գործողության հետևանքների վերացման գործում, աշխատել են օպերատիվ, արդյունավետ և ինչպես հարկն է»,- ասել է նա։

Հարցին՝ այսօրվա հարվածները ուկրաինական քաղաքներին կարելի՞ է արդյոք համարել պատասխան Ղրիմի կամրջի վրա կատարված ահաբեկչության, Պեսկովը պատասխանել է. «Այս ամենը տեղի է ունենում հատուկ ռազմական գործողության շրջանակներում: Ինչ վերաբերում է այս հարվածներին, ապա, իհարկե, պետք է սպասել ՊՆ-ի մեկնաբանություններին կամ հարցերը հասցեագրել ՊՆ-ին»:

 Նրան նաև հարցրել են, թե արդյոք այդ հարվածներն իրականացվե՞լ են գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով։ «Բնականաբար, հատուկ ռազմական գործողության հիմնական պահերը չեն կարող իրականացվել առանց գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցելու: Դա միանգամայն նորմալ գործընթաց է»,- ասել է Պեսկովը, բայց հարցը, թե արդյոք եղե՞լ է նախագահի թույլտվությունը հարվածներ հասցնելու համար, նա վերահասցեագրել է պաշտպանության նախարարությանը: