Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն բացառում խաղաղ բանակցությունները՝ այն դեպքում, եթե Ուկրաինան վերանվաճի Խերսոնը

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն բացառում խաղաղ բանակցությունները՝ այն դեպքում, եթե Ուկրաինան վերանվաճի Խերսոնը
Աշխարհ
16:36, 07 ноябрь 2022
ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն չեն բացառում Ուկրաինայում պատերազմի հարցով խաղաղ բանակցությունների մեկնարկը։ Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե Ուկրաինան վերագրավի Խերսոնը, որի համար մղվող ճակատամարտը ունի և՛ ռազմավարական, և՛ դիվանագիտական նշանակություն, գրում է իտալական La Repubblica թերթը։

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն այս հարցի շուրջ մշտական կապի մեջ է Եվրամիության, ինչպես նաև դաշնակիցների հետ՝ այս միտքը ներշնչելով Կիևին։ 

Թերթը կարծում է՝ պատահական չէ, որ Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն հաստատել են ՀՕՊ հրթիռների խմբաքանակի ուղարկումը Կիև ընդդեմ անօդաչուների։ Հիմնական նախադրյալն այն է, որ Խերսոնի վերադարձը՝ ծով մուտք գործելու և ջրային ռեսուրսների վերահսկման տեսանկյունից ռազմավարական նպատակը, կարող է փոխել հակամարտության ընթացքը, և դրա վերանվաճումից հետո կարելի է սկսել բանակցությունները ուժի դիրքերից։ Ինչպես պնդում է թերթը, Սպիտակ տունն առաջին անգամ սկսել է նման կոնկրետ սցենար ենթադրել։

Սրա պատճառները երկուսն են, գրում է թերթը։ Առաջինը Ռուսաստանի Դաշնության կողմից մարտավարական միջուկային զենքի կիրառման, թեկուզև այս պահին շատ հեռավոր, սպառնալիքն է, որը կպահանջի մասշտաբային պատասխան։ Երկրորդ մտահոգությունը Ռուսաստանի վրա Չինաստանի ազդեցության ընդլայնումն է։ Ինչպես պնդում է թերթը, Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի լիակատար պարտությունը կհանգեցնի վատթարագույն հետևանքների ԱՄՆ-ի համար, այն է՝ Ռուսաստանի Դաշնության անցումը Չինաստանի լիակատար վերահսկողության տակ։