Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրովիկինը նախապես իմացել է Պրիգոժինի ծրագրերի մասին. այլ գեներալների աջակցությունը ևս հնարավոր է. NYT

Սուրովիկինը նախապես իմացել է Պրիգոժինի ծրագրերի մասին. այլ գեներալների աջակցությունը ևս հնարավոր է. NYT
Ռուսաստան
13:22, 28 июнь 2023
Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ գեներալ Սերգեյ Սուրովիկինը նախապես իմացել է, որ «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ապստամբություն է նախապատրաստում, գրում է The New York Times-ը՝ հղում անելով հետախուզական տվյալներին ծանոթ մի քանի աղբյուրների։

Այժմ, NYT-ի աղբյուրների խոսքով, ԱՄՆ իշխանությունները փորձում են պարզել՝ Սուրովիկինը որևէ մասնակցություն արդյոք ունեցե՞լ է այդ ծրագրի մշակմանը։ 

Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ կան նախանշաններ այն բանի, որ այլ գեներալներ ևս կարող էին աջակցել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությանը ուժային ճանապարհով փոխելու փորձին, որը ձեռնարկել էր Պրիգոժինը։ Պարբերականի աղբյուրները կարծում են, որ Պրիգոժինը խռովություն չէր բարձրացնի, եթե վստահ չլիներ, որ բարձրաստիճան կողմնակիցներ ունի։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները ենթադրում են, որ գեներալ Սուրովիկինի և Պրիգոժինի միջև դաշինքը կարող է բացատրել, թե ինչու է «Վագներ»-ի հիմնադիրը դեռ ողջ, չնայած գրավել է ռուսական խոշոր ռազմական հանգույցը և հրամայել զինված երթ իրականացնել դեպի Մոսկվա:

 NYT-ի զրուցակիցները հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է որոշի՝ հավատո՞ւմ է արդյոք, որ Սուրովիկինը սատարել է Պրիգոժինին, և ինչպես պետք է արձագանքել դրան։  

Պարբերականի աղբյուրները չեն բացառում, որ Պուտինը կորոշի կատարվածի ողջ մեղքը բարդել Պրիգոժինի վրա։ Սակայն եթե ներկայացվեն ծանրակշիռ ապացույցներ խռովության նախապատրաստմանը Սուրովիկինի մասնակցության վերաբերյալ, Պուտինն այլ ընտրություն չի ունենա, քան գեներալին հեռացնել հրամանատարությունից, կարծում են նրանք։