Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մի տրվեք սադրանքներին. Հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում եք Ռուսաստանին». Զախարովան՝ Ռուս-հայկական մեդիաֆորումի մասնակիցներին

«Մի տրվեք սադրանքներին. Հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ մեղադրում եք Ռուսաստանին». Զախարովան՝ Ռուս-հայկական մեդիաֆորումի մասնակիցներին
Ռուսաստան
12:35, 08 сентябрь 2023
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուղերձով դիմել է Հայաստանում առաջին ռուս-հայկական մեդիաֆորումի մասնակիցներին՝ մասնավորապես ասելով. «Ուրախ եմ ողջունել այս օրերին Երևանում անցկացվող Ռուս-հայկական մեդիաֆորումի մասնակիցներին։ Անկասկած, մեր համատեղ աշխատանքի առաջնահերթությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն է։ Մեր փոխգործակցության հիմքում և բաց քաղաքական երկխոսությունն է բոլոր մակարդակներում, և փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, և հումանիտար լայնածավալ համագործակցությունը»։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցության շնորհիվ է պատերազմը դադարեցվել 2020-ին: «Ռուսաստանի նախագահը գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի ստորագրվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, որը ամուր հիմք է դարձել խաղաղության հասնելու հետագա աշխատանքի, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը դրսևորում է մշտական և անկեղծ հետաքրքրություն ՀԱՊԿ իր դաշնակցի ճակատագրի հարցում»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ ռուս սահմանապահները իրենց հայ գործընկերների հետ պաշտպանում են երկրի սահմանները Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հետ. «Այս ամենը պահպանելու համար անհրաժեշտ է աջակցել ռուս-հայկական կապերի առողջ տեղեկատվական ֆոնին։ Այս խնդիրը դրված է ինչպես պետական իշխանության մարմինների, այնպես էլ լրատվամիջոցների ուսերին»։ 

«Անընդունելի ենք համարում մեր մարդկանց միջև թշնամություն և ատելություն բորբոքելու փորձերը՝ հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների համար Ռուսաստանի դեմ ուղղված մեղադրանքների հաշվին»,- ընդգծել է Զախարովան։

Անդրադառնալով «Sputnik Արմենիա»-ի լրագրող Աշոտ Գևորգյանի և բլոգեր Միխայիլ Բադալյանի ձերբակալությանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է. «Անմիջականորեն ձեզ հետ անցկացրած Ռուս-հայկական մեդիաֆորումի ժամանակ կատարված սադրանքը, ըստ ամենայնի, ուղղված է խաթարելու երկկողմ հարաբերությունների և մեր հրատապ օրակարգի համար այս կարևոր միջոցառումը։ Ակնհայտ է, որ այս սադրանքի հետևում կանգնած են հենց այն ուժերը, որոնք շահագրգռված չեն մեր երկրների և նրանց ժողովուրդների մերձեցմամբ, այլ հակառակը՝ շահագրգռված են մարդկանց օտարմամբ, նրանով, որ սերմանվեն ատելություն, վախ, անվստահություն...»։