Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն ԱՄՆ Պետդեպին «խորհուրդ է տալիս ջուր չլցնել հայամետ ուժերի ջրաղացին». Ինչն է Ադրբեջանի հերթական հիստերիայի պատճառը

Բաքուն ԱՄՆ Պետդեպին «խորհուրդ է տալիս ջուր չլցնել հայամետ ուժերի ջրաղացին». Ինչն է Ադրբեջանի հերթական հիստերիայի պատճառը
ԱՄՆ
17:09, 08 январь 2024
Ադրբեջանի կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեն կանխակալ և կեղծ է անվանել 2023 թվականի կրոնական ազատության մասին ԱՄՆ հաշվետվությունը, որի արդյունքներով Բաքուն ընդգրկվել է Պետդեպարտամենտի հատուկ վերահսկողական ցուցակում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով պետական կոմիտեի կայքի հայտարարությանը։

«ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից մեր երկրին միջազգային կարգավիճակ չունեցող երկրների խմբում (հատուկ վերահսկողական ցուցակ) ընդգրկելը՝ Ադրբեջանում կրոնական ազատության ոտնահարման ենթադրությունների հիման վրա, ոչ այլ ինչ է, քան քաղաքական մանիպուլյացիա... ԱՄՆ կրոնական ազատության հարցերով միջազգային հանձնաժողովի կողմից ներկայացված «թերությունները» չեն արտացոլում մեր երկրի իրողությունները, լիովին հակասում են իրականությանը: Հանձնաժողովի վերոնշյալ հաշվետվություններում շատ պահեր չեն հետազոտվել, դրանցում հղում է արվել հայանպաստ աղբյուրներին, իսկ երբեմն էլ իրադարձություններին տրվել են միտումնավոր սխալ բացատրություններ»,- ասված է հայտարարության մեջ։

Գերատեսչությունը կարծում է, որ սխալ բացատրությունները «լրջորեն խաթարում են հաշվետվությունների օբյեկտիվությունը», որոնք լիովին չեն համապատասխանում նպատակներին և խնդիրներին, որ դրվել են դրանք պատրաստելիս:

Միևնույն ժամանակ, գերատեսչությունը ԱՄՆ որոշման հետևում գտել է ինչ-որ «հայամետ ուժեր», որոնք իբր «զրպարտչական արշավ» են իրականացնում Ադրբեջանի դեմ»՝ Պետդեպարտամենտին «խորհուրդ տալով նրանց ջրաղացին ջուր չլցնել»։
«Պետդեպին խորհուրդ ենք տալիս ջուր չլցնել Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավ իրականացնող հայամետ ուժերի ջրաղացին, զերծ մնալ երկակի ստանդարտների քաղաքականությունից և քայլեր ձեռնարկել միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների հիման վրա»,- ասված է Ադրբեջանի Պետական կոմիտեի հայտարարության մեջ:
 
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը Ադրբեջանին ներառել է հատուկ վերահսկողության երկրների ցուցակում կրոնական ազատության կոպիտ խախտումների համար։ Ադրբեջանից բացի՝ ցուցակում ընդգրկվել են նաև Ալժիրը, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Կոմորյան կղզիները և Վիետնամը։