Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ԱՄՆ-ը առանց վարանելու նոր գործողություններ կձեռնարկի՝ պաշտպանելու իր զինծառայողներին և ազատ միջազգային առևտուրը». Բայդենը՝ Եմենին հարվածելու մասին

«ԱՄՆ-ը առանց վարանելու նոր գործողություններ կձեռնարկի՝ պաշտպանելու իր զինծառայողներին և ազատ միջազգային առևտուրը». Բայդենը՝ Եմենին հարվածելու մասին
ԱՄՆ
11:17, 12 январь 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները Եմենում հուսիթների դիրքերին։ Այս մասին ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Այսօր իմ ցուցումով ԱՄՆ զինված ուժերը Միացյալ Թագավորության հետ համատեղ և Ավստրալիայի, Բահրեյնի, Կանադայի ու Նիդեռլանդների աջակցությամբ հաջողությամբ հարվածել են Եմենում մի շարք օբյեկտների, որոնք հուսիթ ապստամբներն օգտագործել են նավարկության ազատությունը սպառնալիքի տակ դնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։ 

«Այդ հարվածներն ուղիղ պատասխանն են հուսիթների աննախադեպ հարձակումներին Կարմիր ծովում միջազգային նավագնացության վրա, ներառյալ պատմության մեջ առաջին անգամ հականավային բալիստիկ հրթիռների կիրառմամբ», - նշել է Բայդենը: Նախագահն իր հայտարարության մեջ նշել է, որ հուսիթների 27 հարձակումների հետևանքով տուժել է «ավելի քան 50 երկիր»։ «Ավելի քան 2000 նավ ստիպված է եղել հազարավոր մղոններ շեղվել՝ Կարմիր ծովից խուսափելու համար, ինչը կարող է հանգեցնել շաբաթներով բեռները հասցնելու  հետաձգման: Հունվարի 9-ին հուսիթները ձեռնարկել են մինչ օրս իրենց ամենամեծ հարձակումը՝ ուղղված անմիջաբար ամերիկյան նավերի դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Բայդենը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է լրացուցիչ գործողություններ ձեռնարկել՝ ի պատասխան Եմենում հուսիթների գործողությունների՝ պաշտպանելու համար իրենց զինված ուժերին և ազատ միջազգային առևտուրը:
«Այսօրվա պաշտպանական գործողությունները հաջորդել են խոշոր դիվանագիտական արշավին և հուսիթ-ապստամբների աճող հարձակումներին առևտրական նավերի դեմ: Այս կետային հարվածները ազդանշան են առ այն, որ ԱՄՆ-ը և մեր գործընկերները չեն հանդուրժի հարձակումները մեր զինծառայողների վրա և թույլ չեն տա չարագործներին սպառնալ նավագնացության ազատությանը աշխարհի կարևորագույն առևտրային երթուղիներից մեկում»,- ասել է Բայդենը։

«Ես առանց վարանելու անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցների կդիմեմ՝ պաշտպանելու համար մեր մարդկանց և ազատ միջազգային առևտուրը»,- ընդգծել է ԱՄՆ առաջնորդը։