Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2024 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը նախատեսված է տրամադրել 345,4 միլիարդ դրամ․ ԿԳՄՍ նախարար

2024 թվականի բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը նախատեսված է տրամադրել 345,4 միլիարդ դրամ․ ԿԳՄՍ նախարար
Տնտեսություն
12:09, 02 ноябрь 2023
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2024 թվականի բյուջետային քննարկումները։
Ներկայացնելով 2024 թվականի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված բյուջեի հիմնական ուղղությունները և տրամաբանությունը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը առանձնահատուկ շեշտադրեց, որ 2024 թվականի համար այս ուղղությամբ նախատեսված է 345,4 միլիարդ դրամ՝ 2023 թվականի 250,3 միլիարդ դրամի դիմաց, այսինքն՝ շուրջ 38 տոկոսով աճել է ԿԳՄՍ նախարարության բյուջեն, ինչը նախարարի կարծիքով՝ էական ավելացում է։

«Եվ հաշվի առնելով նաև ըստ տարիների դինամիկան կարող ենք ասել, որ աննախադեպ ավելացում է։ Եվ այս աճի մեջ հատկապես մեծ ծավալ են կազմում կապիտալ ծախսերը, որի համար նախատեսվել է շուրջ 129 միլիարդ դրամ։ Սա շատ մեծ թիվ է և ԿԳՄՍ ոլորտի նման կապիտալ ծախսերը ցույց են տալիս կառավարության ծրագրի առաջնահերթությունները և այն ուղղությունները, որոնցով աշխատանք ենք իրականացնում։ Մասնավորապես, կապիտալ ծրագրերից կուզեմ առանձնացնել 300 դպրոցների և 500 մանկապարտեզների ծրագիրը։ Ընդ որում, այստեղ կուզեի շեշտադրումը դնել ոչ միայն քանակական տվյալների վրա, այլ նաև որակական։ Մենք հաճախ ենք խոսում ծրագրային բյուջետավորման գործընթացի բարելավման անհրաժեշտությունից և ես ուրախ եմ, որ մենք 2024 թվականի բյուջետային մեր հայտում ունենք այնպիսի փոփոխություններ, որոնք վերաբերում են հենց կառուցվածքային բարելավումներին և դրանցից մեկը 300 դպրոցների, 500 մանկապարտեզների ծրագիրն է»,-ասաց նախարարը։

Նա նշեց, որ նախընթաց տարիներին հաճախ էին ասում, որ եթե որևէ մեկն ուզենա տեսնել, թե 300 դպրոցների ծրագրում ընդգրկված դպրոցների ուղղությամբ պետության ջանքերն ինչպիսին են, ապա կարիք կլիներ նայել մի քանի գերատեսչությունների և մի քանի ծրագրերի ուղղությամբ, որպեսզի այդ ամփոփ  ցուցանիշները ստանար, և իրենք խմբավորել են այս գործողությունները տարբեր ծրագրերից։

«Ընդ որում ԿԳՄՍ է տեղափոխվել օրինակ՝ մինչ այս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բյուջեում արտացոլված դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը։ Եվ այսօր, երբ որ արդեն նայեք 2024 թվականի բյուջետային հայտին, ապա կարող եք տեսնել, որ վերակառուցվող, կառուցվող հիմնանորոգվող դպրոցների մասով մենք ունենք ամբողջական ներկայացված ծրագիր, որի շրջանակներում արդեն պարզ է, թե որոնք են այդ ակնկալվող թիրախներն ու ցուցանիշները։ Այս ծրագրին նախարարության բյուջեով հատկացվել է շուրջ 110 միլիարդ դրամ և այստեղ մենք խոսում ենք ոչ միայն շինարարության մասին, այլ նաև՝ գույքով հագեցվածության»,-հավելեց Ժաննա Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում