Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ. պետբյուջեով ԿԳՄՍՆ-ին նախատեսվող ծախսերը աննախադեպ՝ 48.7 մլրդ դրամով աճել են և կազմել 226.3 մլրդ դրամ. Վահրամ Դումանյան

2022թ. պետբյուջեով ԿԳՄՍՆ-ին նախատեսվող ծախսերը աննախադեպ՝ 48.7 մլրդ դրամով աճել են և կազմել 226.3 մլրդ դրամ. Վահրամ Դումանյան
Տնտեսություն
14:52, 08 ноябрь 2021
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են բյուջետային քննարկումները: 

«ԿԳՄՍ նախարարությանը 2022թ. պետբյուջեով նախատեսվում է ծախսերի աննախադեպ աճ շուրջ 48.7 մլրդ դրամով՝ կազմելով 226.3 մլրդ դրամ»,- նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նախարարը ներկայացրեց միջոցների հատկացումը ըստ ոլորտների:

Անդրադառնալով կրթության ոլորտի համար նախատեսվող հատկացումներին՝ Վահրամ Դումանյանը մասնավորապես ասաց. «Նախատեսվում է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի մասնակից սովորողների, ինչպես նաև նրանց երեխաների, 2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում»:

Ինչպես նշեց ԿԳՄՍ նախարարը, հանրակրթության ծրագրի գծով նախատեսվել է 112 մլրդ դրամ կամ 8.8 տոկոսով ավելի 2021-ի համեմատ. «Նախատեսվել է ինժեներական լաբորատորիաների, խմբակների, տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ստացող մանկավարժների և դպրոցահասակ երեխաների թվի աճ: Փոխհատուցում կստանան շուրջ 4700 մանկավարժ և 2100 դպրոցահասակ երեխա: Ծրագրի շրջանակում առաջին անգամ 237 մլն դրամ է նախատեսվել սոցիալական որոշ խմբերի՝ 1.5-5 տարեկան 1670 երեխաների նախադպրոցական կրթության ապահովման համար: Ավելի քան 3 մլրդ դրամ է նախատեսվել մոդուլային տիպի մանկապարտեզների կառուցման աշխատանքների համար»:

Նախարարի խոսքով՝ 2022 թվականին Հայաստանում կանցկացվի կենսաբանության միջազգային օլիմպիադա, որի համար նախատեսվել է 324 մլն դրամ: