Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև 2026 թվականը պետք է կառուցենք, վերակառուցենք, վերազինենք առնվազն 50 առողջապահական կազմակերպություններ․ Անահիտ Ավանեսյան

«2024 թվականին մենք շարունակելու ենք կապիտալ ծախսերի մեր ընթացքը և հաջորդ տարի ունենք 11,8 միլիարդ դրամի չափով հատկացում։ Ես ավելորդ չեմ համարի նշել, թե ինչ առողջապահական կազմակերպությունների վերանորոգման, կառուցման, հագեցման են ուղղվելու այս ֆինանսական միջոցները։ Եվ պետք է ասեմ, որ էլի համեմատական տանելով 2018 թվականի հետ՝ 2018 թվականին մեր կապիտալ ծախսերի կատարողականը եղել է ընդամենը 1,3 միլիարդ դրամ։ 2024 թվականին մենք 11 միլիարդ դրամ ենք հատկացրել կապիտալ ծախսերին»,- այս մասին այսօր ԱԺ մշտական  հանձնաժողովներում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նա նշեց, որ  սա կարևոր է ընդգծել նաև կառավարության ծրագրի համատեքստում։ 

Նախարարի խոսքով՝ մինչև 2026 թվականը իրենք պետք է կառուցեն, վերակառուցեն, վերազինեն առնվազն 50 առողջապահական կազմակերպություններ։

«2023 թվականին ավարտվում են Մարտունու ԲԿ-ի և Վայոց ձորի ԲԿ-ի շինարարությունները։ Մենք շաբաթ օրը բացեցինք Մարտունու ԲԿ-ն, որի վրա Համաշխարհային բանկի հետ համատեղ պետությունը ծախսել է 3,2 միլիարդ դրամ, երեք տարվա ընթացքում կառուցվել է 79 մահճակալից բաղկացած, բոլոր սարքավորումներով հագեցած, ժամանակակից կենտրոն, և ուրախ եմ, որ ծառայելու է մեր Մարտունի համայնքի հայրենակիցներին»,- ասաց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում