Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄԷ-ում ստորագրվել է «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» Փոխըմբռնման հուշագիր

ԱՄԷ-ում ստորագրվել է «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» Փոխըմբռնման հուշագիր
Տնտեսություն
20:20, 01 декабрь 2023
Արաբական Միացյալ Էմիրություններում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 15-ը անցկացվում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովը (COP-28), որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ 
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը մասնակցել է համաժողովի բացման արարողությանը, հանդիպում ունեցել  հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ 

Համաձայն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ԱՄԷ կիբեռանվտանգության խորհրդի միջև ձեռք բերված պայմանավորվածության` մեկուկես տարի տևած բանակցությունների արդյունքում, COP 28-ի շրջանակներում  դեկտեմբերի 1-ին կողմերի միջև ստորագրվել է «Կիբեռանվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ» Փոխըմբռնման հուշագիր: 

Հուշագիրը հայկական կողմից վավերացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը,   ԱՄԷ կողմից՝  ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավար Մուհամեդ Համադ Ալ Քուվեյթինը:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսն անցկացվում է ամեն տարի՝   հանդիսանալով կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման միակ բազմակողմ ֆորումն աշխարհում։  

Այն  համախմբում է գրեթե բոլոր երկրների ներկայացուցիչներին՝ քննարկելու կլիմայական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերը։