Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրազդան գետի վրա նախատեսվում է կամուրջ կառուցել, Արշակունյաց պողոտայում՝ թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց

Հրազդան գետի վրա նախատեսվում է կամուրջ կառուցել, Արշակունյաց պողոտայում՝ թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց
Տնտեսություն
12:02, 17 январь 2024
Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև, ինչպես հայտնի է, 2023թ. նոյեմբերի 27-ին ստորագրվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիր, որով  նախատեսված գումարը կազմում է 60,090,000 եվրոյի  չափով վարկ։ Սույն վարկային համաձայնության վավերացման մասին  ՀՀ օրենքի նախագիծը Կառավարության վաղվա՝ հունվարի 18-ի նիստի օրակարգում է ընդգրկված,   նախագիծը ներկայացվել է ՏԿԵ նախարարության կողմից։ 
 
Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի քանի վարչական շրջաններ՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը: 
Civic.am-ը Կառավարության նիստի օրակարգից տեղեկացավ, որ նախատեսված աշխատանքները ներառում են.
  • Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս,
  • Հրազդան գետի վրա կառուցվելու է 269 մ երկարությամբ երկաթ-բետոնե հեծաններով կամուրջ,
  • Արշակունյաց պողոտայում կառուցվելու է թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց:
Հիմնական ճանապարհի երկարությունը 1,9 կմ է (իջատեղերով և երկրորդային ճանապարհով՝ 6,6 կմ): Ճանապարհը հիմնականում բաղկացած է 6 երթևեկելի գոտուց (3x3), որտեղ ճանապարհի երթևեկելի հատվածի լայնությունը կազմում է 24,5 մ:
         
«Հաշվի առնելով Երևան քաղաքում նոր ենթակառուցվածքների կառուցման և տրանսպորտային հոսքերի կարգավորման անհրաժեշտությունը՝ Երևանի քաղաքապետարանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նպատակահարմար են համարում Համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը»,- նշված է նախագծին կից հիմնավորման մեջ։ 
Ակնկալվում է, որ Համաձայնագրով նախատեսված ծրագիրը կավարտվի 2027թ. սեպտեմբերի 30-ին։  Ըստ Համաձայնագրի՝ վարկի փակման ամսաթիվ է համարվում 2028թ. մարտի 31-ը կամ այն ամսաթիվը, որը ժամանակ առ ժամանակ կարող է համաձայնեցվել վարկառուի և ԱԶԲ-ի միջև:
 
 
ՀՀ տարածքային կառավարման և 
ենթակառուցվածքների նախարարություն