Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվում են փոփոխություններ

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում առաջարկվում են փոփոխություններ
Տնտեսություն
18:16, 02 февраль 2024
ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը։ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ասել է, թե գործող օրենքով ՀՀ կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում` Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա, մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ:

«Ներկայում, Առողջապահության նախարարությունն է իրականացնում կենսաթոշակային առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի վերաբերյալ հաշվարկում, շահառուի կողմից ներկայացված դիմումների ուսումնասիրություն: Գործող օրենսդրության համաձայն յուրաքանչյուր դեպքի համար ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ցանկով ներառված հիվանդությունների և քաղաքացու ախտորոշման համապատասխանության կամ անհամապատասխանության որոշման գործառույթ, և սահմանված կարգով տրամադրվում է եզրակացություն: Այս գործընթացն առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառություն և նախարարության` որպես քաղաքականություն մշակող մարմնի համար ոչ բնորոշ գործառույթի իրականացում»,- մանրամասնել է Արտակ Ջումայանը:

Որոշումն ուժի մեջ է մտել 2015 թվականին: Այս տարիների ընթացքում արձանագրվել է քաղաքացիների դիմելիության զգալի աճ: Ըստ հիմնական զեկուցողի` եթե 2017-2018 թվականներին քաղաքացիների դիմելիության ընդհանուր թիվը եղել է 2, ապա 2023 թվականին դիմել է 43 քաղաքացի: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նշված գործառույթը վերապահել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը: Անձի ֆունկցիոնալության գնահատման իրականացումը, մասնագիտական հիվանդության հետ կապված անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի որոշումը, այդ թվում` մասնագիտական եզրակացության տրամադրման գործառույթը ևս կիրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: