Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները. Գևորգ Պապոյանը ընդունել է Վասիլիս Մարագոսին

Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները. Գևորգ Պապոյանը ընդունել է Վասիլիս Մարագոսին
Տնտեսություն
11:33, 15 апрель 2024
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Ռաֆայել Գևորգյանն ու Նարեկ Հովակիմյանը։
 
Քննարկվել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը, ԵՄ-ի կողմից տրամադրվող ոլորտային ֆինանսական և տեխնիկական աջակցությանը, Արևելյան գործընկերության շրջանակներում երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) ներքո ամրագրված դրույթների իրականացմանը, «Հայկական կոնյակի» նոր անվանման վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, ԵՄ տեխնիկական աջակցության գործիքների (TAIEX, Twinning) կիրառմանը և այլ հարցերի։
 
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ տնտեսության առաջնահերթ ուղղությունների, արտահանման խթանման ու դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման, կապիտալ շուկայի զարգացման, որակի ենթակառուցվածքների բարելավման, գյուղատնտեսության զարգացման և վերջինիս մասով ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության ծրագրերի ուղղությամբ։
 
Կարևորվել է ներկայումս ստեղծված նոր իրողությունների շրջանակներում ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների խորացման ՀՀ հանձնառությունը և պատրաստակամությունն առավել ակտիվ մասնակցություն ունենալու ԵՄ-ի կողմից իրականացվող և նախատեսվելիք տարածաշրջանային ծրագրերում։
 
Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները: