Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Յանդեքս»-ը որոշել է ավելացնել տաքսու յուրաքանչյուր պատվերից ընկերությանը տրամադրվող տոկոսը՝ 16%-ից դարձնելով մոտ 19%․ Ինչու են թանկացրել տաքսիները

«Յանդեքս»-ը որոշել է ավելացնել տաքսու յուրաքանչյուր պատվերից ընկերությանը տրամադրվող տոկոսը՝ 16%-ից դարձնելով մոտ 19%․ Ինչու են թանկացրել տաքսիները
Տնտեսություն
15:13, 27 июль 2022
Վերջին օրերին նկատելի բարձրացել ու կայուն պահպանվում են Հայաստանում ամենաշատ կիրառում ունեցող «Յանդեքս» տաքսի ծառայությունների սպասարկման գները։ Օրինակ՝ եթե նախկինում Նար-Դոս փողոցից Սայաթ-Նովա կարող էինք հասնել 400 դրամ, ապա արդեն մոտ 1 ամիս վճարում ենք 200 դրամ ավելի՝ 600դրամ։ Իսկ օրվա պիկ ժամերին տաքսի ծառայությունների գները պարզապես անմատչելի են դառնում։

Մենք փորձեցինք կապ հաստատել «Յանդեքս» տաքսի ծառայության գլխամասի հետ՝ ճշտելու, թե որոնք են գների բարձրացման պատճառները, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Մեզ հետ զրույցում «Յանդեքսի» վարորդ Վ․Ա-ն ասաց, որ վերջին շրջանում «Յանդեքսն» ավելացրել է յուրաքանչյուր պատվերից ընկերությանը տրամադրվող տոկոսադրույքը։ «Օրինակ՝ եթե նախկինում այն 16 տոկոս էր կազմում, ապա այժմ մոտ 19տոկոս է»,-նշեց վարորդը։ Վերջինս նաև հավելեց, որ «Յանդեքսից» չեն պարզաբանել, թե կոնկրետ ի՞նչ պատճառով են տոկոսը բարձրացրել և դեռ ինչքան կպահպանվի, սակայն այսպիսի թանկացում անցած տարիներին չի եղել և չի բացառվում, որ այս սակագնային փոփոխությունը հիմնական դառնա։

Արդյոք ի՞նչ գործոններ են ազդել նման գնաճի վրա։ Այս առնչությամբ Civic.am-ը կապ հաստատեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամլո խոսնակ Անի Սմբատյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ՏՄՊՀ-ի կողմից առցանց տաքսի ծառայությունների ոլորտի՝ 2020 թվականի հունվարից միչև 2021թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առցանց տաքսի ծառայությունների նախնական սակագները առաջարկ-պահանջարկի փոփոխության դեպքում ենթակա են ավելացման, փոփոխման նախապես մշակված ալգորիթմների միջոցով։ Իսկ առաջարկ-պահանջարկի հարաբերակցությունն, ըստ Սամսոնյանի, փոփոխվում է եղանակային պայմանների, խցանումների և այլ պատճառներով, երբ տվյալ գոտիներում առաջանում է վարորդների պակաս։ «Վարորդների պակասի դեպքում տվյալ գոտում նախնական սակագինը սկսում է ավելանալ` այդպիսով զսպելով աճող պահանջարկը»։ 

Ինչ վերաբերվում է վերջին շրջանում տաքսի ծառայությունների գների աճին, Սմբատյանի խոսքով՝ ՏՄՊՀ-ն հստակ պատասխան չի կարող տալ, քանի որ դեռևս չի ավարտել սակագնային ալգորիթմերի ուսումնասիրության փոփոխությունը։

Թամարա Ղազարյան