Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս տարի կունենանք տնտեսական երկնիշ աճ. չի բացառվում, որ 2020թ. ճգնաժամային ճեղքը կարողանանք հաղթահարված համարել. Փաշինյան

Այս տարի կունենանք տնտեսական երկնիշ աճ. չի բացառվում, որ 2020թ. ճգնաժամային ճեղքը կարողանանք հաղթահարված համարել. Փաշինյան
Տնտեսություն
12:42, 29 сентябрь 2022

«Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր օրենքով սահմանված կարգով, առանց լրացուցիչ վարչարարության, վճարում են հարկերը: Սա շատ կարևոր է, որովհետև այդ միջոցները ծախսվում են մեր պետության բնականոն կյանքը ապահովելու, այդ թվում՝ զինված ուժերի բարեփոխումների համար»,- այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ բացի սեպտեմբերին տեղի ունեցած բարձրացումներից, կենսաթոշակների ևս մեկ ավելացում է սպասվում, ինչը տեղի կունենա 2023թ. հուլիսի 1-ից: 
«Ըստ էության բոլոր ուղղություններով ֆինանսավորումն ավելանում է՝ կրթության, պաշտպանության, գիտության ոլորտներում: Կապիտալ ծախսերի ոլորտում ֆինանսավորումը շատ «դրամատիկ» չի ավելանում շատ տրիվիալ պատճառով. ցավոք, մեր երկրում կարողություններն այնքան զարգացած չեն, և մենք մեր կապիտալ ծախսերը խրոնիկ կերպով թերակատարում ենք, ուստի իմաստ չունի ավելացնել շատ մեծ  կապիտալ ծախսերը՝ իմանալով, որ դրանք չեն իրացվելու: Խնդիրը կառավարության մեջ չէ, որովհետև կապիտալ ծախսերն իրականացնում են մասնավոր ընկերությունները: Ցավոք, մեր երկրում մասնավոր հատվածի կարողություններն այնքան զարգացած չեն, որ մեզ համար ցանկալի ինտենսիվությամբ այդ կապիտալ ծախսերն իրականացնեն, բայց մենք ավելացնելու ենք այդ ծախսերը»:
Վարչապետի խոսքով՝ այս տարի սպասվում է տնտեսական երկնիշ աճ. «Մենք նույնիսկ չենք բացառում, որ կունենանք տնտեսական աճի այնպիսի ցուցանիշ, որով կկարողանանք արձանագրել, որ 2020 թվականի, այսպես ասած, ճգնաժամային ճեղքը կարող ենք հաղթահարված համարել և անցնել, այսպես ասած, բնականոն տնտեսական աճի ռեժիմի»:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանը, նշեց. «Այն փորձը, որ ունենք հանրակրթության ոլորտում, պետք է դառնա օրինակելի աշխատավարձերի բարձրացման առումով. աշխատավարձերի էական, անգամներով բարձրացում, բայց զուգահեռ որակի հավաստագրմամբ: Նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ ենք արձանագրում»: