Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետբյուջեի հարկային եկամուտները 2023 թ. առաջին եռամսյակում գերակատարվել են 14 միլիարդ դրամով

Պետբյուջեի հարկային եկամուտները 2023 թ. առաջին եռամսյակում գերակատարվել են 14 միլիարդ դրամով
Տնտեսություն
16:29, 06 апрель 2023
Պետական բյուջեի հարկային եկամուտները 2023 թվականի առաջին եռամսյակում գերակատարվել են 14 միլիարդ դրամով։  Այս մասին նիստի ժամանակ տեղեկացրել է վարչապետը և նշել. «Ավելին, առաջին եռամսյակի եկամուտները 2022 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ աճել են 15,2 տոկոսով կամ շուրջ 60,8 միլիարդ դրամով։ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հավաքագրված գումարներից հարկ վճարողներին վերադարձվել է 93,5 միլիարդ դրամ, որը 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 82 տոկոսով կամ 42,2 միլիարդ դրամով: Սա հիշեցնեմ՝ այն դեպքն է, երբ մենք ավելացված հարկի, մի շարք հարկատեսակների գծով վերադարձնում ենք: 2018 թվականի դրությամբ Հայաստանում շուրջ 60 մլրդ դրամի այսպիսի գումար կար, որը տասնյակ տարիներով չէր վճարվել»:
 
Նիկոլ  Փաշինյանը նշել է, որ առաջին եռամսյակում հավաքագրված գումարներից ֆիզիկական անձանց վերադարձվել է 13.4 մլրդ դրամ եկամտային հարկ, որը 2022 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 4.4 մլրդ դրամով կամ 49 տոկոսով. «Սա այն պարագան է, երբ արդեն հատուկ օրենսդրական կարգավորմամբ մենք եկամտային հարկերից վերադարձնում ենք, մասնավորապես, հիփոթեքային վարկերի վճարման համար: Սա նշանակում է, որ մենք մարդկանց աջակցում ենք նորակառույցներում բնակարաններ են ձեռք բերելու համար»:
 
2023 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել 2.4 տրիլիոն դրամի հաշվարկային փաստաթուղթ, որը 2022-ի առաջին եռամսյակի համեմատ ավելի է 591 միլիարդ դրամով կամ 31.3 տոկոսով. «Եթե վերցնենք միայն ՀԴՄ կտրոնները, ապա 2023-ի առաջին եռամսյակում տպվել է 564 մլրդ դրամի ՀԴՄ, որը 2022-ի առաջին եռամսյակի համեմատ ավելի է 48.7 մլրդ դրամով կամ 9.4 տոկոսով: Սա շատ կարևոր եմ համարում և ուզում եմ կրկին և անհոգնել, անընդհատ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապաշտ, օրինապահ հարկ վճարողներին, որովհետև նրանց գործունեության, աշխատանքի և օրինապահության արդյունքում է, որ մենք այս մասշտաբների ծրագրեր ենք կարողանում իրականացնել: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ, ցավոք, մենք այստեղ շատ լուրջ խորքային պրոբլեմներ ենք շարունակում ունենալ: Չնայած լավ լուրն այն է, որ վերջերս մեր իրավապահ համակարգի գործունեության արդյունքում հարկերից խուսափելու մի նոր տեխնոլոգիական սխեմա ենք բացահայտել, որը դեռ մեզ շատ ինֆորմացիա կտա: Ես ուզում եմ այս ուղերձը շատ հստակ լինի՝ հարկերից խուսափելու պարագայում որևէ մեկը որևէ կոմպրոմիսի հույս չի կարող ունենալ, որովհետև խոսքը մեր երկրի այսօրվա և ապագայի կարիքները հոգալու պետության հնարավորության մասին է։ Ես ուզում եմ քաջալերել մեր իրավապահ մարմիններին, որպեսզի այս ուղղությամբ աշխատանքները շարունակվեն»:  
 
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ  վերջապես լրահոսում տեսնում ենք, որ թափ է առնում ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը. «Մենք 5 տարի շարունակ այդ մասին խոսել ենք,  և որի բացակայության համար ամենաշատն ենք քննադատվել։ Խոսքն ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների մասին է: Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ Գլխավոր դատախազությունը շատ ակտիվ աշխատում է։ Հույս ունեմ, որ հարցի էությունը նաև իրավաբանական բանավեճերի մեջ չի կորսվի, և սա շատ կարևոր գործընթաց եմ համարում։ Եվ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ապօրինի գույքի և հարկերից խուսափելու թեմայով մենք պետք է հստակ արձանագրենք, թե ինչի մասին է՝ դա մեր երեխաների չստացած կրթությունն է, դա մեր անվտանգային չապահովված իրավիճակն է, դա մեր երկրի բարեկեցության մակարդակն է և այլն։ Իհարկե, բաներ կան, որ այլևս անվերադարձ կորսված են, ամենակարևորը՝ ժամանակը, բայց նաև հիմա շատ կարևոր է, որ մենք հանրության առաջ մեր ստանձնած պարտավորություններում լինենք սկզբունքային։ Դարձյալ ուզում եմ ընդգծել ՀՀ կառավարության և քաղաքական մեծամասնության քաղաքական կամքը՝ այս ամենը երբեք ու երբեք չի վերաբերել ու չի կարող վերաբերել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին։ Մեզ համար որևէ տարբերություն չկա՝ դա երեկ է տեղի ունեցել, թե այսօր է տեղի ունենում: Մեր խնդիրն է՝ ապահովել, որպեսզի վաղն այդ նույն բանը տեղի չունենա»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:
 
Այդ համատեքստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է անկանխիկ գործարքների և կանխիկի սահմանափակումների շրջանակում կառավարության ձեռնարկած միջոցառումների ընթացքը. «Օրենքի ընդունումից հետո, մենք ունեինք շուրջ 40940 սուբյեկտ, որոնց մոտ ՀԴՄ-երի վրա ակտիվացված չէր պոստերմինալները: Այսօր Կենտրոնական բանկի հետ համագործակցության արդյունքում կարող եմ ասել, որ մոտ ենք 100 տոկոս ցուցանիշին, որտեղ պոստերմինալներն ակտիվացած են: Ընդհանուր ՝ իմ նշած թվի 10 տոկոսից էլ ավելի քիչ հատվածում է, որ վերջնական միջոցառումներ չեն ձեռնարկվել: Բոլորի նկատմամբ իրականացվում է խիստ հսկողություն, որպեսզի օրենքի պահանջը վերջնականապես իրականացվի: Նշեմ, որ կանխիկի սահմանափակումները ոչ միայն հսկիչ դրամարկղի միջոցով կատարվող գործարքների նկատմամբ է կիրառվում, այլ նաև խոշոր: Վերջին շրջանում ՊԵԿ-ն այդպիսի հսկիչ գնումներ էլ է անում: Սկսած բնակարաններից, և այդպիսի այլ ծրագրեր էլ ունենք, և մեր հորդորն ու կոչն է, որպեսզի կանխիկի սահմանափակումները խստիվ պահպանվեն, հակառակ դեպքում՝ օրենսդրության բավական խիստ միջոցներ են նախատեսված»:
 
Անդրադառնալով օրինապահ հարկ վճարողներին՝ Ռուստամ Բադասյանը հայտնել է. «Ապրիլի 19-ին Հայաստանի Հանրապետությունում նշվում է հարկ վճարողի օրը: Այս տարի ՊԵԿ-ը պլանավորել է բավական լայն միջոցառումներ իրականացնել և նաև մեր վերաբերմունքն արտահայտել այն մարդկանց նկատմամբ, ովքեր բացառապես օրինապահ միջոցներով են հարստանում և հարստացնում մեր պետությունը»: