Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.6 %. Հունիսին մայիսի նկատմամբ գրանցվել է 0.1% գնանկում

Արցախի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.6 %. Հունիսին մայիսի  նկատմամբ գրանցվել է 0.1% գնանկում
Տնտեսություն
14:11, 10 июль 2023
Արցախի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. հունիսին 2022թ. հունիսի նկատմամբ) կազմել է 8.6 %, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.1% գնանկում: Այս մասին Civic.am-ը տեղեկացավ Արցախի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից։ Հանրապետության դիտարկվող քաղաքներից երկուսում՝ ք.Մարտակերտում և Ասկերանում, 2023թ. հունիսին նախորդ ամսվա համեմատ սպառողական գներն աճել են համապատասխանաբար 0.8 և 0.5%-ով, Մարտունիում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը, իսկ Ստեփանակերտում գները նվազել են 0.4%-ով: Մասնավորապես 2023 թ. հունվար-հունիսին 2022թ. հունվար-հունիսի նկատմամբ սպառողական գների ինդեքսը կազմել է ընդամենը 9.2 տոկոս, այդ թվում՝ սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչք՝ 14.0 տոկոս (2023 թ. մայիսի նկատմամբ՝ -1.5), ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակներ՝ 14.1 (մայիսի նկատմամբ՝ 2.6), հագուստ և կոշիկ՝ 5.1 (2023թ. մայիսի նկատմամբ՝ -0.1), բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ՝ 2.6 (2023 թ. մայիսի նկատմամբ՝ 0.4)։ 

Civic.am-ը միաժամանակ  Արցախի ՊԵԿ-ից  տեղեկացավ, որ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով տնտեսության տուժած ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման յոթերորդ միջոցառմամբ սահմանված միանվագ դրամաշնորհ և միանվագ դրամական աջակցություն տրամադրելու գործընթացը:  2023 թվականի հուլիսի 7-ի դրությամբ միանվագ դրամաշնորհի և միանվագ դրամական աջակցության միջոցառումների շահառու 1720 տնտեսվարող սուբյեկտներին փոխանցվել է 548,8 մլն դրամ: Նշված գումարից 421,8 մլն դրամը տրամադրվել է միանվագ դրամաշնորհի միջոցառման շրջանակում գործատուների կողմից 3655 վարձու աշխատողներին վճարված եկամուտների, պահված հարկերի ու սոցիալական վճարների գումարների փոխհատուցման նպատակով:

Ե. Ա.