Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տուրիզմի ոլորտը զգալի աճ է ապահովում, բայց քանի որ չունենք ելք դեպի ծով, և մեր ցամաքային սահմաններից երկուսն էլ առայժմ փակ են, մեր մրցակից և հարևան երկրների համեմատ դեպի Հայաստան հասանելիությունն ավելի ցածր է. Մեխակ Ապրեսյան

Այս տարվա հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստան է այցելել ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկ։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա, իհարկե, զգալի աճ է ոչ միայն նախորդ տարվա, այլև  2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 770.000-ից փոքր-ինչ ավելի։  

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 50 տոկոսից ավելին ժամանել է Ռուսաստանից, այնուհետև Իրանից և Վրաստանից, եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից, ինչպես նաև Ծոցի արաբական երկրներից։ Ու թեև զբոսաշրջիկների թիվը գնալով ավելանում է, բայց, ըստ Մեխակ Ապրեսյանի, խնդիրն այն է, որ այցելություններն ավելի շատ անհատական են, իսկ կազմակերպված զբոսաշրջության մասնաբաժինն այս ամբողջ այցելությունների մեջ շատ չնչին է, ինչը շատ մտահոգիչ է, որովհետև կազմակերպված զբոսաշրջությունը շատ կարևոր է և առանցքային նշանակություն ունի։

Ինչ վերաբերում է ոլորտի խնդիրներին, մեր զրուցակիցը նշեց, որ թեև կամաց-կամաց դառնում ենք շուկային հասանելի՝ ավիափոխադրումների ավելացման շնորհիվ, բայց գլխավոր խնդիրը մեզ համար, որը միշտ եղել է և կա, մեր հասանելիության խնդիրն է։ Քանի որ մենք չունենք ելք դեպի ծով, և մեր ցամաքային սահմաններից երկուսն էլ առայժմ փակ են, այստեղ մեր մրցակից և հարևան երկրների համեմատ դեպի Հայաստան հասանելիությունն ավելի ցածր է։ Թեև ցամաքային սահմանով՝ Վրաստանով, Իրանով, ունենում ենք այցելություններ, բայց մեծամասամբ Հայաստանին հասնելու միջոցը օդային տրանսպորտն է։ Եվ որքան ունենանք մրցունակ ավիափոխադրումներ, այնքան մեզ համար լավ։ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ ապաշրջափակումը մեզ համար շատ լավ կլինի, բայց դրան էլ պետք է պատրաստ լինել։ Ապաշրջափակվելիս պետք է պատրաստ լինել օրենսդրական, տնտեսական գործիքակազմով, որպեսզի դրանից օգտվենք, այլ ոչ թե հակառակը։   

Խոսելով Հայաստանում կազմակերպվող տարբեր միջոցառումների ու փառատոների կարևորության մասին՝  Մեխակ Ապրեսյանը կարևորեց Երևանում անցկացվող գինու փառատոնը, որն իր նպաստն է բերում ոլորտին։ Նա նշեց նաև Դիլիջանում անցկացված «Միմինո» հայ-վրացական մշակութային-խոհարարական փառատոնը, ինչպես նաև արդեն ավանդական դարձած «Նավասարդ» հայ-իրանական մշակութային խոհարարական փառատոնը, որն այս տարի կանցկացվի օգոստոսի 10-ին, Սիսիան քաղաքում։

Ինչ վերաբերում է Զբոսաշրջության վերաբերյալ օրենքի նախագծին, Մեխակ Ապրեսյանն ասաց, որ այն արդեն կառավարությունում է, և հույս ունի, որ մինչև տարեվերջ օրենքը կընդունվի։

Նա նշեց, որ այսօրվա զբոսաշրջությունը բավականին դինամիկ զարգացող ճյուղ է և պետք է համաշխարհային զարգացումների հետ համընթաց քայլել և, հաշվի առնելով նոր մարտահրավերները, ամրապնդել մեր հիմքերը, ինչի համար պետք են ինստիտուցիոնալ բարեփոխումներ և կարգավորող օրենսդրություն։   

Ի հավելումն՝ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է բոլորը զբաղվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան