Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գործարանները խաղողի մթերման անիրական մեծ թիվ են ներկայացնում սուբսիդիա ստանալու համար, կոնյակ արտադրողների համար սահմանված սուբսիդիաները պետք է հսկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից․ Արարատի խաղողագործների միության նախագահ

Գործարանները խաղողի մթերման անիրական մեծ թիվ են ներկայացնում սուբսիդիա ստանալու համար, կոնյակ արտադրողների համար սահմանված սուբսիդիաները պետք է հսկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից․ Արարատի խաղողագործների միության նախագահ
Տնտեսություն
17:31, 11 сентябрь 2023
Կոնյակի արտադրությունն ու արտահանումը խթանելու նպատակով կառավարությունը հավանություն է տվել էկոնոմիկայի նախարարության առաջարկին՝ կոնյակի խաղողի մթերման նվազագույն գին սահմանել 110 դրամը, ինչպես նաև՝ մթերողների համար սահմանել սուբսիդիաներ՝ 5000 տոննա խաղողից ավելի մթերելու դեպքում՝ ամեն 1000 կգ-ի պարագայում՝ 1կգ-ի դիմաց 30 դրամը կտրամադրի պետությունը,, իսկ 10 000 տոննայից ավելի մթերելու դեպքում՝ յուրաքաքնչյուր 1000 կգ-ի դեպքում 1կգ-ի համար՝ 50 դրամը։ 


Արարատի խաղողագործների միության նախագահ Արսեն Սիմոնյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ իր հիմնավորումներով կոնյակի խաղողի միջին ինքնարժեքը 120-125 դրամ է, սակայն որոշ գործարանների սեփականատերեր, որոնք խաղողի այգիներ ունեն, նախարարությանը ներկայացրել են, թե 70 դրամ է կազմում 1կգ խաղողի գինը և, ըստ այդմ, կառավարությունը միջինացված նվազագույն շեմ է սահմանել․ «Խաղողի այգիներ են քանդվում, եթե 1կգ խաղողը 70 դրամ արժենա, ու մթերվի 110 դրամով՝ նշանակում է 1կգ-ի մեջ 40 դրամ եկամուտ կա։ Հետևաբար այսպիսի լուրջ եկամտաբեր բիզնեսի պարագայում ինչու՞ պետք է խաղողի այգիներ քանդվեն։»,-հարց ուղղեց նա։

Արսեն Սիմոնյանն անդրադառնալով կառավարության կողմից սահմանված սուբսիդիաներին՝ հիշեցրեց, որ անցյալ տարի կոնյակ արտադրող ընկերությունները խաղողի մթերման տոննաներն անիրատեսական բարձր են ցույց տվել․ «190 000 տոննա խաղողի մթերում են ցույց տվել։ Այս մեծ թիվը իրենք էլ գիտեն, որ հավատ չի ներշնչում, բայց ցույց են տվել, որովհետև կար կառավարության կողմից տրվող անվերահսկելի սուբսիդիաներ»։ 

Նրա խոսքով՝ պատկան կառույցների կողմից պատշաճ չի վերահսկվում գործարանատերերի կողմից ներկայացված մթերման քանակը․ «Պրիմիտիվ հաշվարկ են անում․ նախարարությունը հաշվում է թե գործարանը ինչքանի պոտենցիալ ունի, նայում են, թե քանի օր է այդ գործարանը աշխատել, և ըստ այդ օրերի վրա բազմապատկում են օրական մթերման պոտենցիալը, ու հաշվում են, որ օրական այդքան միրգ գործարանը մթերած կլինի։ Մինչդեռ գործարանատերերն իմանալով այդ պրիմիտիվ հաշվարկման մեխանիզմի մասին՝ արհեստական հերթեր էին ստեղծում, գյուղացիների մեքենաները մի քանի օր պահում էին արևի տակ, խաղողի քաղցրությունը կորում էր, սպիրտ էր դառնում, իսկ մթերողները քաղցրությունն են չափում, և ասում էին, թե քաղցրությունը չի բավարարում, գինը ցածր ենք տալիս։ Խաղողագործներն էլ տուժում են»,-ասաց նա ու հավելեց, որ գործարանի դիմաց կարող է օրական 100 մեքենա կանգնել, բայց ընդամենը 10 ավտոմեքենայի խաղող մթերվի․ «Դե թող նախարարությունն էլ հաշվի, թե օրական 100 մեքենա մթերում է եղել»։  

Արարատի խաղողագործների միության նախագահի խոսքով՝ ինքն ու Արմավիրի խաղողագործների միության նախագահը դիմել են ՀՀ վարչապետին՝ առաջարկելով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով՝ ոլորտն ուսումնասիրելու համար, ինչպես նաև՝ հաշվի առնել, որ անցյալ տարվա սուբսիդիաներն անվերահսկելի են եղել։ «Անցյալ տարի մի շարք գյուղացիների հետ պայմանագրեր են կնքվել մթերման ոչ իրական թվի վերաբերյալ՝ ավելի թիվ է ներայացվել, և կան քրեական գործեր։ Այս տարվա սուբսիդիաների դեպքում դա կանեն նեղ մակարդակով՝ մի քանի գործարարի հետ կարվի, որ աղմուկ դուրս չգա։ Այն փաստը, որ վերահսկողությունը թողնում են տարածքային կառավարման մարմինների վրա՝ այդ վերահսկումը արդեն իսկ տեսել ենք։ Վերահսկող մարմին է պետք, որի մեջ ներառվեն և խաղողագործների ներկայացուցիչները, և վերամշակողները, և պետությունը, և սննդի անվտանգությունը, և վաճառողների ներկայացուցիչները»,-ասաց նա ու շեշտեց, որ մինչև հիմա խաղողագործների մեծ մասը գործարանների հետ պայմանագրեր չեն կնքել՝ խաղող մթերելու համար, մինչդեռ տարվա սկզբին արդեն պետք է կնքված լինեին։ 

Կառավարությունը նախատեսում է նաև, որ գործարաններից խաղողի կոնյակի գնում իրականացվի պետական ընկերության կողմից, որպեսզի հասկանան խաղողի արտահանման հետ կապված դժվարությունները։

«Մենք չունենք մարմին, որ սպիրտի որակի վերահսկողություն իրականացվի, և կարծում եմ՝ դա Ռուսաստանը կիրականացնի, քանի որ կոնյակի մեծ մասն արտահանվում է ՌԴ։ Մտահոգություն ունեմ, որ այն սպիրտը, որ միջազգային շուկա չի կարող դուրս գալ որակի պատճառով, կվաճառեն կառավարության վրա»,-ասաց Արսեն Սիմոնյանն ու հավելեց, որ Ճիշտ կլիներ, եթե կառավարությունը որոշում կայացներ, և սպիրտը ապահովագրվեր միջազգային կազմակերպությունների կողմից։ «Միջազգային կազմակերպությունները որակի հարցում հոգատար վերահսկողություն կարող են իրականացնել»,-տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։   

Ինչ վերաբերում է կառավարության այն մարտավարությանը, որ կոնյակի սորտերից անցում կատարվի գենեմետ սորտերի աճեցմանն ու խթանվի գինու արտադրությունը, Արարատի խաղողագործների միության նախագահը վստահորեն նշեց, որ ամբողջ աշխարհում գինու վաճառքն անկում է ապրել։ Թե ինչով է պայմանավորված անկումը, Արսեն Սիմոնյանի խոսքով՝ լուրջ վերլուծություններ չկան, բայց կան փաստեր, որ մի շարք քաղաքներում ՝ այդ թվում Ֆրանսիայի Բորդո քաղաքում խաղողագործները քանդում են այգիները։ Նա նաև մատնանշեց ռուսական շուկայից՝ գինի արտադրող արտասահմանյան որոշ ընկերությունների դուրս գալը․ «Գինին փչանալու հատկություն ունի, իսկ կոնյակը կարող են տակառների մեջ պահել անժամկետ։ Այսօր գինու վաճառքն անկում է ապրում, բայց դրան զուգահեռ միջազգային շուկայում թարմ պտուղ-բանջարեղենի պահանջարկն է ավելանում։ Մենք պետք է մեր պտուղ-բանջարեղենի պահպանման տեխնոլոգիան համապատասխանեցնենք լոգիստիկ ցանցերի պահանջներին։ Ուզբեկները տիրապետում են այդ տեխնոլոգիաներին, իրենց ապրանքը մինչև մեկ ամիս պիտանելիության ժամկետ է պահպանում, իսկ մեր ապրանքը յոթ օրում փչանում է»։ 

Արսեն Սիմոնյանի խոսքով՝ ռուսական շուկա խաղողի սեղանի սորտեր, ինչպես նաև թարմ պտուղ-բանջարեղեն արտահանելու հարցում ուզբեկները հայերի մրցակիցն են հանդիսանում․ «Նրանք նոր տեխնոլոգիա են կիրառում և ավելի շահեկան վիճակում են հայտնվում ՝ մեզ աստիճանաբար դուրս մղելով շուկայից»,-ասաց Արարատի խաղողագործների միության նախագահն ու հավելեց, որ այդ տեխնոլոգիաները կարող են կիրառվել նաև Հայաստանում։ 

Նարա Մարտիրոսյան