Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլխավոր դատախազ Վարդապետյանը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել ՀՀ դատախազության լիազորությունների էվոլյուցիան

Գլխավոր դատախազ Վարդապետյանը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել ՀՀ դատախազության լիազորությունների էվոլյուցիան
Իրավունք
20:40, 20 ноябрь 2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խթանման հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը բարձր է գնահատել ՄԱԿ հատուկ զեկուցողի մանդատի կարևորությունը և ընդգծել, որ համակարծիք է նրա՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ ֆորումի ժամանակ արված հայտարարության հետ, ըստ որի՝ պատերազմական հանցագործների հերոսացումը չի կարող համատեղվել ժողովրդավարական արժեքների հետ: Այդ համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է պատերազմական հանցագործություններին պատշաճ անդրադառնալու, համարժեք գնահատական տալու և դրանց կանխարգելմանն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Ըստ աղբյուրի՝ գլխավոր դատախազը ՄԱԿ հատուկ զեկուցողին է ներկայացրել ՀՀ դատախազության լիազորությունների էվոլյուցիան, գործիքակազմը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, պետական (համայնքային) շահերի պաշտպանությանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, խոշտանգումների կանխարգելմանն ու դրանց դեմ քրեաիրավական պայքարին:

Նշվում է, որ ՀՀ դատախազության լիազորությունների համատեքստում քննարկվել են նաև Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում հայեցակարգային փոփոխությունները, որոնց արդյունքում քրեական արդարադատությունը դարձել է ավելի տուժողակենտրոն: