Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Ավինյանը քաղհայց է ներկայացրել ընդդեմ Սոնա Աղեկյանի. Աղեկյանի դեմ ժամանակին քաղհայց էր ներկայացրել նաև Երևան համայնքը՝ որպես նպաստառու կեղծ տվյալ ներկայացնելու համար

Տիգրան Ավինյանը քաղհայց է ներկայացրել ընդդեմ Սոնա Աղեկյանի. Աղեկյանի դեմ ժամանակին քաղհայց էր ներկայացրել նաև Երևան համայնքը՝ որպես նպաստառու կեղծ տվյալ ներկայացնելու համար
Իրավունք
11:53, 22 ноябрь 2023
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանի՝ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու և դրամական փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Civic.am-ը datalex-ից տեղեկացավ, որ հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել ս.թ. սեպտեմբերի 4-ին՝ նախքան Երևանի ավագանու ընտրությունները։  Ավինյանը Աղեկյանից որպես փոխհատուցում պահանջում է 6 մլն դրամ։ Սույն գործով դատաքննությունը նշանակվել է դեկտեմբերի 12-ին։ Նկատենք, որ Աղեկյանը ժամանակ առ ժամանակ իշխանության տարբեր ներկայացուցիչների հասցեին  վիրավորանք պարունակող,  պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող  արտահայտություններ է թույլ տալիս իր հանրային խոսքում՝  մամուլի ասուլիսների և այլ հրապարակային ելույթների ժամանակ։ 

Ի դեպ, datalex-ում ընդդեմ Աղեկյանի  ներկայացված  քաղհայցերից մեկի հայցվորն էլ Երևան համայնքն է։ 2020 թվականին հայցվոր Երևան համայնքի ներկայացուցիչը դատարանին ներկայացրած հայցադիմումով հայտնել է, որ գործով պատասխանող Սոնա Աղեկյանի ընտանիքը, հաշվառված լինելով սոցիալական աջակցության Շենգավիթ բաժնում, մինչև 2019թ. հունիս ամիսը ստացել է ընտանեկան նպաստ՝ ամսական 31,000 ՀՀ դրամի չափով: 2018թ. նոյեմբերին՝ հերթական փաստագրման ժամանակ, Սոնա Աղեկյանն իր 12.11.2018թ. դիմում-հայտարարագրում «տեղեկություններ սեփականության, բնակարանային և կենցաղային պայմանների մասին» բաժնում նշել է, որ չունի ավտոմեքենա։  Նա  դիմում-հայտարարագրի 4-րդ կետով տեղեկացվել է, որ ընտանիքի մասին ոչ հավաստի տվյալներ ներկայացնելու կամ դրանք թաքցնելու պատճառով ավելի վճարված գումարը ՀՀ  օրենսդրությամբ սահմանված կարգով հետ է գանձվում:

Միաժամանակ վերջինս գրավոր պարտավորվել է աշխատելու, ավտոմեքենա ձեռք բերելու կադաստրային, բանկային գործարքներ կատարելու և այլ դեպքերում 30 օրվա ընթացքում տեղեկացնել սոցիալական աջակցության տարածքային բաժնին, նշելով, որ տեղյակ է՝ չհայտնելու դեպքում նպաստը կդադարեցվի և ավել ստացած գումարը հետ կգանձվի:

ՀՀ ոստիկանության ՃՈ-ում անձնական օգտագործման փոխադրամիջոց գրանցված, տեխնիկական զննում անցած կամ ԱՊՊԱ պայմանագիր կնքած և «Նպաստ» համակարգում ընդգրկված քաղաքացիների ցուցակից  (2019թ. մայիս) պարզվել է, որ Սոնա Աղեկյանի անունով 23.05.2019թ. գրանցվել  է  MERSEDES-BENZ GL450 4 MATIC 36FN815  պ/հ ավտոմեքենա: Վերջինս թաքցրել է այդ փաստը ծառայությունից, հակառակ դեպքում կզրկվեր ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Սոնա Աղեկյանի նկատմամբ կիրառվել է համապատասխան  ծածկագիրը և զրոյական անապահովության միավորը: Նշվածի արդյունքում առաջացել է ավելի վճարված 31,000 ՀՀ դրամ: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային բաժնի կողմից Սոնա Աղեկյանը ծանուցվել է նշված փաստի կապակցությամբ, սակայն վերջինս չի ներկայացել և չի վերադարձրել նշված գումարը: Հայցվորն էլ վերոգրյալի հիման վրա խնդրել է Աղեկյանից  բռնագանձել 31,000 ՀՀ դրամ ավելի վճարված նպաստի գումարը, ինչպես նաև նախապես վճարված 1,500 ՀՀ դրամ պետական տուրքը:  Նշենք, որ պատասխանողի՝ Աղեկյանի  կողմից առարկություններ, հակընդդեմ հայց, ապացույցներ, միջնորդություններ չեն ներկայացվել: Դատարանն էլ բավարարել է հայցապահանջը, դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ 18-06-2020 թվականին։