Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՔՊ-ն քաղհայց է ներկայացրել ընդդեմ «Հայելի ակումբ», «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ների, «News․am», «24news.am», «168 ժամ» կայքերի՝ զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով

ՔՊ-ն քաղհայց է ներկայացրել ընդդեմ «Հայելի ակումբ», «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ների, «News․am», «24news.am», «168 ժամ» կայքերի՝ զրպարտությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջով
Իրավունք
13:12, 03 май 2023
«Քաղաքացիական պայմանագիր»-ը քաղհայց է ներկայացրել ընդդեմ «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության, «Իրավաբանների հայկական ասոցացիա» հասարակական կազմակերպություն, «News․am»-ի, «24news.am»-ի եւ  «168 ժամ»-ի՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին։ Civic.am-ը datalex.am-ից տեղեկացավ, որ դատարանը ապրիլի 28-ին ներկայացված հայցադիմումներից  առայժմ միայն մեկն է (ընդդեմ «Հայելի ակումբ» ժողովրդավարության աջակցության հասարակական կազմակերպության) ընդունել վարույթ։ 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փաստաբան Վարդան Հարությունյանից Civic.am-ը պարզեց, որ ընդդեմ վկայակոչված լրատվամիջոցների քաղհայց ներկայացնելու պատճառը դրանցում զետեղված հրապարակումն է, որը ամբողջությամբ զրպարտություն է։ 

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 26-ին Սիսիան համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի՝ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախընտրական շտաբը հայտարարություն էր տարածել «ինչ-որ ցուցակների» մասին, որը մի շարք ԶԼՄ-ներ, այդ թվում՝ վերոհիշյալ կայքերը տարածել էին «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով՝ մանիպուլացնելով հանրային կարծիքը։ Մինչդեռ հիշյալ կուսակցության նախընտրական շտաբի հաղորդագրության մեջ մասնավորապես ասված էր․ «Ընտրատեղամասերի հարակից տարածքներում անհասկանալի գործառույթով տևական ժամանակ գտնվող և ՔՊ կուսակցությունը ներկայացնող, համայնքային, պետական հիմնարկների աշխատող անձանց մոտ առկա են ինչ-որ ցուցակներ, որոնք, հնարավոր է, ընտրակաշառք ստացած քաղաքացիների տվյալներ են պարունակում»։ 

Արձագանքելով այս հրապարակումներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել էր, որ ՔՊ-ն պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ ապատեղեկատվություն տարածած ԶԼՄ-ների։ «Ես խոստանում եմ՝ վաղը բոլոր էն լրատվականները, ովքեր տպել են նման վերնագիր, ստանալու են համապատասխան դատական հայցեր, որովհետև նման կոպտագույն խախտում ուղղակի չի կարող լինել»,-մասնավորապես հայտարարել էր Ալեքսանյանը։ «Գտնում ենք, որ հրապարակված նյութը ամբողջությամբ զրպարտություն պարունակող տեղեկատվություն է, այդ իսկ պատճառով հայցապահանջներ ենք ներկայացրել վկայակոչված լրատվամիջոցների դեմ, որպեսզի հերքեն։ Միաժամանակ դրամական փոխհատուցում ենք պահանջելու՝ 200 հազար դրամ»,-նշեց փաստաբանը։ 

Մեր ճշտմանը՝ մինչեւ դատարան դիմելը ՔՊ-ն հերքման պահանջ ներկայացրե՞լ է հիշյալ ԶԼՄ-ներին, փաստաբանը մանրամասնեց․ «Օրենսդրությամբ պարտադիր պահանջ չէ, որպեսզի դատարան դիմելուց առաջ դիմենք լրատվական կազմակերպություններին, այդ իսկ պատճառով միանգամից դիմել ենք դատարան»։