Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատարանը վերադարձրել էր Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի հայցադիմումը, որը ներկայացվել էր մի շարք խախտումներով. Նախկին նախագահը նորից է դիմել դատարան

Դատարանը վերադարձրել էր Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի հայցադիմումը, որը ներկայացվել էր մի շարք խախտումներով. Նախկին նախագահը նորից է դիմել դատարան
Իրավունք
13:02, 13 февраль 2023
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ  Քոչարյանը, ինչպես հայտնել ենք, ս.թ. հունվարի 3-ին քաղհայց է ներկայացրել ընդդեմ «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջների մասին:

Դատարանը, սակայն, վերադարձրել էր հայցադիմումը, քանի որ այն մի շարք խախտումներով էր ներկայացվել։ 

Ըստ դատարանի ներկայացրած պատճառաբանության. «Ուսումնասիրության առարկա դարձնելով հայցադիմումը՝ դատարանն  արձանագրում է, որ այն ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հայցադիմումի ձևին, բովանդակությանը և կից փաստաթղթերին ներկայացվող պահանջների խախտմամբ, մասնավորապես, հայցադիմումի ներածական մասում չի նշվել պատասխանողի հայրանունը, ինչը հայցադիմումը վերադարձնելու հիմք է (այն բովանդակող որևէ փաստաթուղթ հայցադիմումին կցված փաստաթղթերի լրակազմում նույնպես առկա չէ)»: 

Ըստ դատարանի երկրորդ պատճառաբանության՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի՝ նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ։ 

«Դատարանը հարկ է համարում նշել, որ հայցվորի կողմից ներկայացվել են գույքային և ոչ գույքային պահանջներ, այն է՝ հայցվորը խնդրել է պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները նույն ֆեյսբուքյան էջում և նույն եղանակով, ինչպես հրապարակվել է զրպարտություն պարունակող գրառումը, ինչպես նաև պարտավորեցնել պատասխանողին զրպարտության դիմաց հայցվորին վճարել փոխհատուցում 6.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով»:

Դատարանն արձանագրել է, որ  հայցվորի կողմից ներկայացված պահանջը հստակ չէ, այն է՝ դրամային պահանջի մասով թվային և տառացի արտահայտումները նույնը չեն: Ուստիև պահանջը ենթակա է հստակեցման:

Նախկին նախագահը հայցադիմումը ներկայացնելիս մեկ այլ խախտում էլ էր թույլ տվել. «Տվյալ դեպքում հայցվոր կողմը ներկայացրել է գույքային և ոչ գույքային պահանջներ, այն է՝ զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու մասին, սակայն նախապես վճարել է ընդամենը 20.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար և չի ներկայացրել պետական տուրքի վճարումը չվճարած մասով հետաձգելու մասին միջնորդություն: Դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումը և կից ներկայացված անդորրագիրը, արձանագրում է, որ հայցվոր կողմը պակաս է վճարել պետական տուրքի գումարը: Իսկ պետական տուրքի հստակ չափը որոշելը կախված է հայցվորի կողմից հստակեցման ենթակա դրամային պահանջի չափից»:

Վերը նշված հանգամանքներն, ըստ դատարանի,  ինքնին բավարար են հայցադիմումը վերադարձնելու համար:

datalex տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ  Ռ. Քոչարյանը չի նահանջել՝ փետրվարի 10-ին  նորից է ներկայացրել  հայցադիմումը, սույն գործով դատավորը   Հայարփի Զարգարյանն է։ 

Քոչարյանի հայցադիմումի հիմքում Ա. Բաբաջանյանի հրապարակային հայտարարություններն են այն մասին, թե Քոչարյան ընտանիքը ահռելի կապիտալ  ունի  ԱՄՆ-ում։