Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդեմ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հայցադիմումը դատարանը վարույթ է ընդունել
Իրավունք
11:06, 04 апрель 2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատի է տվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին՝ պատասխանողին իր ունեցած ելույթի՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելը պարտավորեցնելու, փոխհատուցում բռնագանձելու պահանջով։ Հայցադիմումը, ինչպես տեղեկանում ենք datalex.am-ից, ներկայացվել է 23.12.2021-ին, վարույթ է ընդունվել 07.01.2022-ին (դատավոր՝  Տ. Ստեփանյան)։  Այս գործով առաջիկա դատական նիստը պետք է տեղի ունենար մայիսի 11-ին։ Սակայն սույն կայքից տեղեկանում ենք, որ դատավորի՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու պատճառով նախապես՝  2022 թվականի մայիսի 11-ին , ժամը 14:10-ին նշանակված դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է  2022 թվականի մայիսի 20-ին, ժամը 15:00-ին։
 
Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերի 9-ին  տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հայց է ներկայացրել Ա. Մանուկյանի դեմ։ «Ես սուտ խոսելու հետ կապված հայց եմ ներկայացրել դատարան։ Տիկին Մանուկյանը վերջին 3 ամսում 4 նախադասություն է կարդում՝ տեքստի տարբեր տեղերում դնելով ասֆալտը, Հունաստանը, բուքմեյքերական գրասենյակը, մյուսը չեմ հիշում։ Մի օր ես ձեզ կպատմեմ ձեր ղեկավարի նույն հունական կղզիների պատմությունները։ Ուղղակի չեմ ուզում մտնել անձնական դաշտ, բայց հետաքրքիր բաներ էին պատմում։ Ես չեմ իջնի այդ մակարդակին»,- մասնավորապես նշել էր  Սիմոնյանը՝ հավելելով, որ Մանուկյանը ստիպված կլինի պատասխան տալ դատարանում, և դատարանը նրան կպարտավորեցնի ներողություն խնդրել: