Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահը դատի է տվել

ԱԺ նախագահը դատի է տվել
Հասարակություն / Իրավունք
19:59, 20 апрель 2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  քաղհայց է ներկայացրել Արթուր Վանեցյանի անվան հետ կապվող «Մեդիահաբ» ՍՊԸ-ին՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջի մասին։ Հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան է ստացվել երեկ՝ ապրիլի 19-ին։  Գործով դատավորը Արմինե  Սաֆարյանն է։ 

Civic.am
-ը պարզեց, որ Սիմոնյանը դատարան է դիմել mediahub.am կայքում ապրիլի 13-ին զետեղված այն  հրապարակման  համար, որում մասնավորապես նշվում է, թե Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանին  պատկանող «Եվրոասֆալտ» ընկերության հետ։  

Նշենք, որ mediahub.am-ը շահագործող Մեդիահաբ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը, ըստ   պետական ռեգիստրի,  Վահագն Բոյաջյանն է։ Արթուր Վանեցյանը երբ ԱԱԾ տնօրենն էր,  վերջինիս հրամանով Բոյաջյանը նշանակվեց  ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ։ Իսկ երբ Վանեցյանը հրաժեշտ տվեց պաշտոնին, օրեր անց  նրան հետևեց նաև իր նշանակած խոսնակը։