Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե խոսենք, թե ով ինչի մասին է բանակցել, Ռոբերտ Քոչարյանը շատ վատ կացության մեջ կհայտնվի. Ալեն Սիմոնյանի խորհուրդը՝ Քոչարյանին

Եթե խոսենք, թե ով ինչի մասին է բանակցել, Ռոբերտ Քոչարյանը շատ վատ կացության մեջ կհայտնվի. Ալեն Սիմոնյանի խորհուրդը՝ Քոչարյանին
Քաղաքականություն
14:35, 12 октябрь 2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր՝ հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Արթուր Վանեցյանի հայտարարությանը՝ կապված Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ փակ ծրարների փոխանակմանը: 

Լրագրողի հարցին՝ ինչու նա ապացույցներ չի ներկայացնում, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետև Արթուր Վանեցյանը շատ, շատ լավ գիտի, որ նման բան գոյություն չունի: Այդ ժամանակաընթացքում մենք իրար հետ շատ սերտ հարաբերություններ ենք ունեցել և շատ հարցեր ենք քննարկել: Վստահ եմ, որ պարոն Վանեցյանն էլ կարող է ձեզ փաստել, որ վարչապետ Փաշինյանը ամենաազնիվ և ամենաբաց ղեկավարներից է, որի հետ Արթուր Վանեցյանը երբևիցե աշխատել է»:

Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ եթե Վանեցյանն իսկապես նման բան ունենար, ապա իրեն հարող լրատվամիջոցներում արդեն 7-8 անգամ տպագրած կլիներ, մի 10 անգամ էլ՝ ընտրությունների ժամանակ. «Այդ պարագայում ինչո՞ւ պարոն Վանեցյանի դաշնակից Սերժ Սարգսյանը հրապարակեց մի ձայնագրություն, որը, տարբեր գնահատականներով, մեզ ավելի շատ ձայն բերեց»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում հնչեցրած մտքերին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես միշտ դժվարացել եմ մեկնաբանել Քոչարյանի խոսքը, որովհետև ես վստահ չեմ, որ այն հայերեն խոսքը, որն ինքն ասում է, և միտքը, որը ես ընկալում եմ, համընկնում են:

Ես չեմ հասկանում, թե նա ինչ նկատի ունի՝ ասելով սեղանի վրա, պայմանավորվածություններ կան: Լավ կանի, որ պարոն Քոչարյանը այդ զրույցներից խուսափի, որովհետև եթե զրույց սկսվի, թե ով ինչի մասին է բանակցել, ինքը շատ վատ կացության մեջ կհայտնվի: Խորհուրդ եմ տալիս պարոն Քոչարյանին դրանից հեռու մնալ»: