Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բա հետաքննություն արեք, բա գտեք մի բան, տեսեք՝ իմ եղբայրն ունի՞ արդյոք դղյակներ, մեքենաներ. Ալեն Սիմոնյան

Բա հետաքննություն արեք, բա գտեք մի բան, տեսեք՝ իմ եղբայրն ունի՞ արդյոք դղյակներ, մեքենաներ. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
13:47, 12 октябрь 2021
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում չցանկացավ պատասխանել իր եղբորն առնչվող, իր իսկ խոսքով,  դեղին մամուլի հարցերին և, այնուամենայնիվ, ասաց. «Այդ մարդիկ, ովքեր գրում են, ուղղակի զբաղված են «Ալեն Սիմոնյան» անուն-ազգանվամբ որևէ հոդված ստեղծելով: Իմ եղբայրը նշված կազմակերպությունում մասնակցել է 40-ից ավելի մրցույթի, շահել է օրենքով նախատեսված ձևով: Կան կազմակերպություններ, որոնք փոխկապված են տարբեր՝ ընդդիմադիր թևերի հետ: Եվ էդ շահարկումներից, էդ խոհանոցային զրույցներից մարդիկ արդեն հոգնել են: Եվ ամենավատն այն է, որ էսօր էնքան են հիմար, սուտ, շինծու բաներից խոսում (ներողություն այս բառերի համար), որ խոսքի նկատմամբ արժեքը այլևս կորել է, և մարդիկ այլևս չեն հավատում որևիցե ինֆորմացիայի»:

Նա լրագրողներին հորդորեց ուշադրություն դարձնել իրական բաներին. «Մանկապարտեզից սկսած՝ իմ կյանքը արդեն բոլորը խոշորացույցներով նայել են: Եթե նման հանցակազմ կա, վստահ եղեք, որ դա տեղ չի ունենա»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝  մրցույթը շահել է կազմակերպությունը, իսկ իր եղբայրն ընդամենը այնտեղ է աշխատում որպես տնօրեն, բայց կարող էր որպես հաշվապահ աշխատել. «Իմ եղբոր ունեցվածքը այդ շահումից ոչ ավելանալու է, ոչ պակասելու է: Դուք տարբերո՞ւմ եք սեփականատեր լինելը աշխատողից. ի՞նչ է, իմ եղբայրը պետք է ոչ մի տեղ չաշխատի՞»:
 
 Նա առաջարկեց հետաքննություն անել և տեսնել, թե այդտեղ կա՞ արդյոք կոռուպցիոն ինչ-որ բան. «Բա գտեք մի բան, տեսեք՝ իմ եղբայրն ունի՞ արդյոք դղյակներ, մեքենաներ, թե՞ կարելի է միայն վերնագիր գրել՝ «Ալեն Սիմոնյանի եղբայրը...»: Ալեն Սիմոնյանի եղբարը 37 տարեկան տղա է, իր ընտանիքն ունի, միշտ աշխատել է և շարունակելու է աշխատել»: