Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն»․ 10-նյակ միլիոնավոր դրամների ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող Գագիկ Ծառուկյանը «սպառնաց» դատարանում․ տեսանյութ․ Iravaban

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ նոյեմբերի 27-ին, շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Արամ Գրիգորյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը միջնորդեց գործով ձեռք բերված բոլոր ապացույցներն անթույլատրելի ճանաչել։

««Երևանշին» ընկերությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են 2017 թվականի ընտրությունների «Ընտրողների թիվը և վճարված գումարները» վերտառությամբ հաշվեքննություններ, որոնք ըստ նախաքննության մարմնի ուսումնասիրվել, զննվել են ձեռք բերելուց անմիջապես հետո։ Այդ փաստաթղթերն իրականում եղել են ընտրական ծախսերի վերաբերյալ, իսկ եթե փաստաթղթերը, ըստ քննիչի պարունակում էին ենթադրյալ հանցագործության մասին տվյալներ, ապա օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում պետք է լուծվեր նոր քրեական գործ հարուցելու հարցը, ինչը չի արվել, միայն ամիսներ անց է վարույթ հարուցվել»,-նշեց պաշտպանը:

Բացի այդ, ըստ Էմին Խաչատրյանը, գործով խախտվել է նաև քննչական ենթակայությունը։ Գործի քննությունը պետք է իրականացներ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն քննել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը․ «Դատավարական օրենքների և քննչական ենթակայության կանոնների խախտմամբ ձեռք բերված նյութերը համարվում են ոչ պատշաճ սուբյեկտի կողմից ձեռք բերված, որոնք չեն կարող օգտագործվել որպես ապացույց»։

Մեղադրող Դավիթ Աղաջանյանը դատարանի և կողմերի ուշադրությունը հրավիրեց 2020 թվականի հուլիսին այս հարցով Վերաքննիչ դատարանի որոշմանը։ Ըստ դատախազի՝ թե՛ ենթակայությանը, թե գործի հարուցմանը, թե՛ ապացույցների թույլատրելիությանը դատարանը անդրադարձել է և արձանագրել դրանց իրավաչափությունը․ «Նախկին օրենսդրության կարգավորումները դատախազին բացառիկ հնարավորություն են տվել ցանկացած քրեական գործ վերցնել նախաքննական մի մարմնից, փոխանցել մյուս մարմնին»։

Դատախազն անդրադարձավ նաև «Երևանշին» ընկերությունում խուզարկությամբ փաստաթղթեր հայտնաբերելուց հետո տասնօրյա ժամկետում քրեական գործ չհարուցելուն։ Դավիթ Աղաջանյանն ասաց, որ այդ փաստաթղթերի հայտնաբերումից հետո ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը որևէ ցուցմունք չի տվել, իսկ փաստաթղթերն ինքնին չէին վկայում հանցագործության մասին:

«Ամիսներ անց, երբ արդեն կատարվել էին քննչական ու դատավարական մի շարք գործողություններ, Վազգեն Պողոսյանը ցուցմունք է տվել, որից հետո արդեն առկա են եղել բավարար հիմքեր»,-դատախազը պնդեց՝ միջնորդությունը պետք է մերժել։

Դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց միջնորդության լուծումը հետաձգել` մինչև լուծման համար էական հանգամանքների պարզումը:

Կողմերն այլ միջնորդություններ չունեին, դատարանը որոշեց ավարտել նախնական դատալսումների փուլը և անցնել հիմնական դատալսումներին։

Հայտարարված ընդմիջումից հետո բացման խոսքով՝ հանդես եկավ դատախազը, ներկայացրեց 2 ամբաստանյալների մեղադրական եզրակացությունները։

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ ամբաստանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, քանի որ որևէ հանցագործություն չի կատարել․ «Մի ամբողջ դատախազություն և ԱԱԾ քննություն է արել, ասում են՝ հազարավոր, տասնյակ հազարավոր միլիոնների գումարներ են բաժանվել, սակայն այն, ինչ նկարագրվում է Գագիկ Ծառուկյանի մեղադրանքում․․․չկա փաստական տվյալ, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ կաշառք է տվել։ Ապացույցներ առկա չեն»։

Դատարանում հայտարարությամբ հանդես եկավ նաև ԲՀԿ առաջնորդը։ Նա նշեց, որ որևէ մեկին կաշառք չի տվել, գումարները նախատեսված են եղել նախընտրական ծախսերի համար։

«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն։ Մարդու գլխին չի կարելի սարքել, ես դեռ համբերատար լսում եմ։ Չի կարելի, ամոթա մի քիչ։ Ես էլ շատ բաներ ունեմ ասելու, բայց հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում, միշտ չափի մեջ, հարգալից են լինում։ Ես ուշադիր լսում եմ։ Եթե մարդուն մեղադրանքա առաջարկվում առանց հիմնավորելու, որ ես մեկին գումար եմ տվել»,-նշեց Գագիկ Ծառուկյանը։

Հայտարարությունից հետո դատախազ Դավիթ Աղաջանյանը հայտարարեց, որ պաշտպանական կողմը դուրս է եկել իր «սահմաններից», դատարանն էլ չի չարձագանքել դրան։ Մեղադրողն անդրադարձավ նաև Ծառուկյանի այն պնդմանը, թե ինքն անձամբ որևէ մեկին կաշառք չի տվել․ «Իսկ ո՞վ է ասում, որ Դուք անձամբ մեկին ընտրակաշառք եք տվել։ Դուք արդեն 2-րդ անգամ է՝ ինչ-որ բարոյախրատական կոչեր եք անում, ո՞վ գետինը մտնի, ո՞վ ամաչի։ Թող հանցանք կատարած անձը գետինը մտնի ու ամաչի»։

Սեդրակ Առուստամյանը նույնպես իրեն մեղավոր չճանաչեց․ «Դատական նիստերի ընթացքում բոլոր հարցերը կպարզաբանվեն, կարծում եմ»։

Այնուհետև հետազոտվեցին գործով ապացույցների մի մասը։ Դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված նիստը հետաձգվեց։