Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գագիկ Խաչատրյանի պաշտպանը նիստը հերթական անգամ չհետաձգելու դատավորի որոշման պատճառով վերջինիս բացարկի միջնորդություն ներկայացնելու համար 5 րոպեով ընդմիջում խնդրեց

Գագիկ Խաչատրյանի պաշտպանը նիստը հերթական անգամ չհետաձգելու դատավորի որոշման պատճառով վերջինիս բացարկի միջնորդություն ներկայացնելու համար 5 րոպեով ընդմիջում խնդրեց
Իրավունք
17:34, 01 декабрь 2023
Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը։ 

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նիստի հենց մեկնարկում միջնորդեց հետաձգել դատական նսիտը, քանի որ դատական նիստին չէր ներկայացել Գագիկ Խաչատրյանի եղբոր որդու` Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը, որը նիստից առաջ զանգով դատարանին տեղեկացրել է, որ գործողության է մասնակցում եւ չի կարող ներկա գտնվել։ Մեղադրող դատախազը առարկեց` նշելով, որ որեւէ հիմք չկա նիստը հետաձգելու համար, քանի որ այսօր հարցաքննվել է գործով մեկ այլ մեղադրյալ Սեդրակ Առուստամյանը` հետեւաբար Կարեն Խաչատրյանի պաշտպանի չներկայանալը չի կարող խոչընդոտել նիստը շարունակելուն, Կ. Խաչատրյանի որեւէ իրավունք չի ոտնահարվում։ 

Դատավորը որոշեց նիստը շարունակել, ինչից հետո Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ բացարձակի միջնորդություն է ներկայացնում դատարանին։ Քանի որ բացարկի միջնորդությունը պետք է գրավոր ներկայացնել Սարգսյանը 5 րոպե ընդմիջում խնդրեց` պատճառաբանելով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ու ինքնազգացողությունը, իսկ իրականում, որպեսզի կարողանա դատավորին բացարկի միջնորդություն ներկայացնի։ 

Նիստն ընդմիջվեց 5 րոպեով։

Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար (ՀՀ քրեական օրենսգրքի վեց հոդվածով՝ 308-րդ հոդվածի 2-րդ մաս (երեք դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ, 314-րդ հոդվածի 1-ին կետ, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ):