Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսի համայնքապետն ու նրա կինը վաղը հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն

Գորիսի համայնքապետն ու նրա կինը վաղը հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն
Իրավունք
18:18, 21 декабрь 2023
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ու նրա կինը՝ Միլենա Գասպարյանը, հրավիրվել են ՀՀ դատախազության ապօրինի  ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ azdarar.am-ից։ Ըստ ծանուցագրերի՝ նրանց  պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել են  ամփոփագրեր։ Առուշանյանն ու Գասպարյանը դատախազություն պետք է ներկայանան վաղը՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 14։30-ին։ 

Առուշանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2022 թ. իր հայտարարագրում, նշենք, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ իրեն պատկանող Գորիսում գտնվող երկու հողամաս, որոնցից մեկը գնել է 2017-ին, մյուսը նվիրատվություն է ստացել 2019-ին, արտադրական նշանակության 1 շինություն, որը գնել է 2017-ին,  նորակառույց շենքում  1 բնակարան, որը գնել է 2019-ին։ Որպես կանխիկ դրամ Առուշանյանը տարեվերջում հայտարարագրել է 300 հազար ԱՄՆ դոլար, 100 հազար եվրո և 210 մլն դրամ, որպես եկամուտ՝ համայնքապետարանից ստացած  2 մլն 152 հազար դրամ աշխատավարձը։ 

Առուշանյանը նաև ZIL մակնիշի 1930 թ. արտադրության բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային միջոց է հայտարարագրել, բանկային հաշվին էլ տարեվերջին ունեցել է  334 հազար 248 դրամ։ Առուշանյանը Գորիսի համայնքապետն է 2017 թվականից, անդամակցում էր Սյունիքի նախկին մարզպետ, նախկին պատգամավոր Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը, որից դուրս է եկել նախորդ տարի։ Վերջինս հեղափոխությունից հետո մի քանի քրեական գործերով էր անցում։ 

Հիշեցնենք՝ Առուշանյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2022-ի մարտի 28-ի դատավճռով մեղավոր էր ճանաչվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ինքնիրավչության համար։ Դատարանը որոշել էր համայնքի ղեկավարին 5 տարի ժամկետով զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, տուգանել նվազագույն աշխատավարձի 700-ապատիկի չափով, վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 6 ամիս 18 օր ժամկետով, որը պայմանականորեն չէր կիրառվել: 

Առուշանյանն արդարացվել էր իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով։ Դատախազությունը բողոքարկել է վճիռն ու պահանջում է բեկանել արդարացման դատական ակտը, կայացնել նոր որոշում և գործով անցնող ամբաստանյալներին, այդ թվում՝ Առուշանյանին, մեղավոր ճանաչել:

Հ․Մ․