Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանի գործով, մեղադրող կողմը միջնորդեց բեկանել Քոչարյանին արդարացնելու որոշումն ու դիմել ՍԴ

Ռոբերտ Քոչարյանի գործով, մեղադրող կողմը միջնորդեց բեկանել Քոչարյանին արդարացնելու որոշումն ու դիմել ՍԴ
Իրավունք
13:16, 30 август 2021
«Արդար դատաքննության իրավունքը, որն անվերապահորեն վերաբերում է նաև գործով տուժողներին, ենթադրում է նրանց շահը, որպեսզի նրանց նկատմամբ ծանրագույն հանցանք կատարած անձը ենթարկվի քրեական պատասխանատվության», - Վերաքննիչ քրեական դատարանում, սահմանադրական կարգի տապալման գործով բողոքի քննության ընթացքում, իր ելույթում ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Ըստ Բաղդասարյանի, Սահմանադրական դատարանի՝ որոշում կայացնելուց հետո ի հայտ է եկել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները վերաորակելու խնդիր, որովհետև նրանց արարքները համապատասխանում են քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությանը։ «Արարքի որակումները կանխատեսումներով չի պայմանավորված, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի որոշումներով։ Արարքի որակումներն ունեն կանոններ և այդ կանոնները հետևյալն են՝ եթե առկա է հատուկ նորմ՝ արարքը պետք է որակվի հատուկ նորմով։ Ընդհանուր նորմով վերաորակելու անհրաժեշտություն առաջանում է այն դեպքում, երբ հատուկ նորմն այլևս չկա։ Սահմանադրական դատարանի որոշմամբ, նորմը, որով նախատեսված հանցագործությունը մեղսագրվում էր ամբաստանյալներին, դադարեց գոյություն ունենալ, բայց չդադարեց գոյություն ունեալ այն արարքը, որը, մեր դիրքորոշման համաձայն, կարող էին որակվել և պետք է որակվեին քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով», - ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը և նշեց, որ մեղադրող կողմի կարծիքով, Դատարանը պետք է դիմի Սահմանադրական դատարան՝ կիրառման ենթակա իրավանորմերի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով, միաժամանակ, կասեցնելով սույն քրեական գործի վարույթը։

Այսպիսով, մեղադրող կողմը միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008-ին
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանին, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովին և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանին արդարացնելու որոշումը և քրեական գործն ուղարկել դատարան` նոր քննության:

Տուժողների ներկայացուցիչների՝ հարգելի պատճառներով բացակայության պատճառով բողոքների քննությունը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 15-ը, ժամը՝ 10:30:

Հիշեցնենք, որ սույն թվականի Ապրիլի 6-ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը արդարացրել էր Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։

Դատարանը որոշել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանության կողմի միջնորդությունը մերժվել էր։

Ամբողջությամբ արդարացվել էին  հակասահմաանդրական ճանաչված՝ միայն սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող, 2008-ին պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։