Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ դատարանում բարձրացրել ենք Մարտի 1-ի գործը կարճելու մասին դատական ակտի անօրինականության հարցը․ Գևորգ Բաղդասարյան

Վերաքննիչ դատարանում բարձրացրել ենք Մարտի 1-ի գործը կարճելու մասին դատական ակտի անօրինականության հարցը․ Գևորգ Բաղդասարյան
Իրավունք
15:09, 29 июнь 2021
«Վերաքննիչ քրեական դատարանում երեք մեծ փաստարկ ունենք։ Մեկը նա է, որ դատական նիստը տեղի է ունեցել օրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ ամբաստանյալների բացակայությամբ, այն դեպքում, երբ նրանց ներկայությունը պարտադիր է։ Երկրորդ, որ դատական ակտը կայացվել է Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված սխալ հիմքով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով վերաքննիչ բողոքին։  

Նա ընդգծեց, որ չի կարող հանցադեպի բացակայության մասին խոսք լինել, մինչդեռ դատարանը «Մարտի 1»-ի գործը կարճել է հենց հանցադեպի բացակայույթան հիմքով։

«Քրեական դատավարության օրենսգրքի այն նորմերը, որոնք կիրառել է առաջին ատյանի դատարանը՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու որոշում կայացնելիս՝ ՀՀ Սահմանադրությանը հակասում են»,- նշեց դատախազը խոսելով երրորդ փաստարկից և հավելեց․ «Վերաքննիչ դատարանում բարձրացրել ենք դատական ակտի անօրինականության հարց, բայց դատական ակտը գնահատելիս, մեր բողոքը մերժելիս կամ բավարարելիս Վերաքննիչ դատարանը պետք է կիրառի այն նորմերը, որոնց հետ Սահմանադրության համապատասխանության խնդիր ենք տեսնում»։ 

Նրա խոքով օրենքի կարգավորումները պարտադրում են դատավորին կայացնել հանցադեպի հիմքով կարճելու որոշում, բայց այդ պարտադրանքը հակասում է Սահմանադրությանը․ «Տուժողների համար սահմանված են իրավունքներ, բայց դրանց կառուցակարգերը չկան, կան հանցանք կատարած անձինք, նրանց արարքները համապատասխանում են նորմին, որը Սահմանադրությանը հակասող ճանաչվելուց հետո է դարձել համապատասխան նրանց արարքներին և այդ կարգավորումները թույլ չեն տալիս որակում տալ այդ նորմերով»։