Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս իշխանությունը չի ինձ նշանակել գլխավոր դատախազի տեղակալ․ Գևորգ Բաղդասարյան․ Տեսանյութ

Այսօր՝ մայիսի 4-ին Աննա Դանիբեկյանի նախագահությամբ նշանակված էր ամբաստանյալներ՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ դատական նիստը։ Նշենք, որ նրանք մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ։

Ռոբերտ Քոչարյանը չէր ներկայացել դատական նիստին՝ հաշվի առնելով, որ Արմեն Գևորգյանի բացակայության պարագայում դատական նիստը հետաձգվելու է։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում հերթական անգամ ընդգծեց, որ նույնկերպ իրենք կարող էին չներակայնալ նիստին՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայության պարագայում նիստը կհետաձգվի․

«Ամբաստանյալի դատական նիստին ներկա լինելը պարտադիր է օրենքով, այս նիստին հարգելիությունը չենք քննարկել, բայց այլ ամբաստանյալի բացակայության մասին և դրա հավանական հետևանքի մասին դատողությունները բացակայելու պատճառ չեն կարող լինել»։  

Անդրադառնալով լրագրողների այն հարցին՝ Աննա Դանիբեկյանի որոշման դե՞մ է ներկայացվել վերաքննիչ բողոքը՝ Գևորգ Բաղդասարյանն արձագանքեց․ «Վերաքննիչ բողոքը տարվել է քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու վերաբերյալ սույն դատարանի որոշման դեմ։ Տարվել է այն փաստարկներով, որ կիրառելի նորմը Սահմանդրությանը չի համապատասխանում և դատարանը պետք է դիմի ՍԴ։ Մենք բողոքում արձանագրել ենք, որ դատարանը կիրառել է Սահմանադրությանը հակասող նորմ և հակափաստարկներ ենք ներկայացրել»։

Նա նաև հավելեց, որ Սահմանադրական դատարանի որոշումը դատարանի համար առաջացնում է պարտավորություն՝ քրեական հետապնդումը դադարեցնելու, բայց այդ պարտավորությունն առաջացնող նորմերի սահմանադրականության հետ կապված խնդիր են տեսել իրենք․ «Այդ պատճառով դատարանին խնդրել և միջնորդել ենք, որ դիմի ՍԴ։ Սահմանադրական դատարանը ՔՕ 300․1 հոդվածն էր Սահմանդրությանը հակասող ճանաչել և դատարանը դրա հիման վրա կիրառել է Քրեական դատավարության օրենսգրքի մի քանի նորմեր, որոնք մեր կարծիքով Սահմնադրության հետ խնդիր ունեն»։ 

Գևորգ Բաղդասարյանը նշեց նաև, որ դեռևս հայտնի չէ թե ում է մակագրվել վերաքննիչ բողոքը․ «Վերաքննիչ դատարանը պետք է գնահատի Աննա Դանիբեկյանի որոշումը, ըստ որի դադարեցվել է քրեական հետապնդումն ու արդարացվել են ամբաստանյալները։

Դատարանը մեր բողոքի հիման վրա պետք է կիրառի 35-րդ և 366-րդ հոդվածները, որոնց Սահմանադրականության հետ կապված մենք խնդիր ենք տեսնում։ Եթե վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ նշանակում է ինքը խնդիր չի տեսնում սահմանադրության հետ»։