Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտ 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանը կորոնավրուսի թեստ է հանձնել․ դատական նիստը կրկին հետաձգվեց

Մարտ 1-ի գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանը կորոնավրուսի  թեստ է հանձնել․ դատական  նիստը կրկին հետաձգվեց
Իրավունք
13:51, 02 март 2021
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Գործով մեղադրյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին տեղեկացրեց, որ Գեւորգյանը փետրվարի 28-ից սուր շնչառական հիվանդություն ունի եւ այսօր առավոտյան հանձնել  է COVID-19-ի թեստ՝ խնդրելով, որ Գեւորգյանի բացակայությունը հարգելի համարվի։ Դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտպանից բացատրություն ուզեց, թե ի՞նչ պատճառով ավելի շուտ չէ Գեւորգյանը թեստ հանձնել, փաստաբանն ասաց․ «Նա սկսել է ջերմել երեկ»։

Մեղադրող դատախազ  Գևորգ Բաղդասարյանը, առարկելով պաշտպանի ներկայացրած միջնորդության դեմ, դատավոր Աննա Դանիբեկյանին կոչ արեց հարգելի չհամարել ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի բացակայությունը, որովհետեւ թեստ կարող է յուրաքանչյուրը հանձնել։

Գեւորգյանի փաստաբանը դատավորին կոչ արեց կարգի հրավիրել մեղադրող կողմին՝ թույլ չտալով, որ միջամտի իր խոսքին։

Դատավորը բավարարեց միջնորդությունը. դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա մարտի 9-ին՝ 13։00-ին։