Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնապահը. ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ

Ձերբակալվել է Սամվել Շահրամանյանի թիկնապահը. ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
11:32, 21 февраль 2024
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ բերման է ենթարկվել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը:
 
Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուր պանթեոնում Շահրամանյանի թիկնապահը հայհոյել էր լրագրողին և օպերատորին։ Դրանից հետո երեկոյան լուրեր տարածվեցին, որ դիմակավորված անձինք կանգնեցրել են Աշոտ Դանիելյանին, նրան ձեռնաշղթաներ են հագցրել և տարել անհայտ ուղղությամբ։ 

Այս առնչությամբ մենք մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանից։ Վերջինս անձի անուն չնշեց, սակայն տեղեկացրեց հետևյալը. 
«Փետրվարի 20-ին ոստիկանության ծառայողների կողմից Երևան քաղաքի Աբովյան փողոցում ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու, իրացնելու հիմնավոր կասկածով ոստիկանության բաժին է տեղափոխվել մեկ անձ։ Դրա վերաբերյալ ոստիկանությունից Քննչական կոմիտե է ստացվել համապատասխան հաղորդում, և դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել տվյալ անձը, և քննիչի որոշմամբ նշված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։