Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը հետաձգվեց նրա առողջական վիճակով պայմանավորված

Վլադիմիր Գասպարյանի գործով դատական նիստը հետաձգվեց նրա առողջական վիճակով պայմանավորված
Իրավունք
18:43, 30 апрель 2024
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, Լևոն Երանոսյանի և մյուսների քրեական գործով հերթական նիստը այսօր հետաձգվեց։ Պատճառը Գասպարյանի առողջական վիճակն է։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին գրավոր կերպով տեղեկացրել է, որ Վլադիմիր Գասպարյանը վատառողջ է և չի կարող ներկայանալ, իսկ բժշկական փաստաթղթերը կներկայացնեն հաջորդ հերթական դատական նիստի ընթացքում։ 

Հիշեցնենք, որ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` «յուրացնելը կամ վատնելը՝ առանձնապես խոշոր չափերով» (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» (2 դրվագ):

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «պաշտոնեական կեղծիք», և 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38 (հանցակցություն)-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Տեղեկացնենք, որ գործով արդեն հարցաքննվել են բոլոր վկաները, ուսումնասիրվել են փաստաթղթերը։ Առաջիկա նիստերին ճառով հանդես կգա մեղադրող կողմը։ Հաջորդ նիստը կկայանա մայիսի 3-ին, ժամը 10։00-ին։
 

 
Վովա Հակոբյան