Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախից ՀՀ տեղափոխված ազատազրկված անձինք պահվում են նույն պայմաններում, ինչ ՀՀ քաղաքացիները. ՔԿԾ պետը՝ Կարմիր խաչի պատվիրակությանը

Արցախից ՀՀ տեղափոխված ազատազրկված անձինք պահվում են նույն պայմաններում, ինչ ՀՀ քաղաքացիները. ՔԿԾ պետը՝ Կարմիր խաչի պատվիրակությանը
Իրավունք
20:06, 04 март 2021
2021 թվականի մարտի 4-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության գործառույթները համակարգողի տեղակալ Ջուլիանա Ամադոր Մեսսային և ազատազրկման վայրերի պատվիրակ Չինգիզ Աբդիժապարովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ազատազրկված անձանց պահման պայմաններին, պատժի կրման կարգին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր վիճակին վերաբերող հարցեր: Արթուր Գոյունյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկներում վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ սննդի ապահովման նոր համակարգի գործարկումը, շենքային պայմանների բարելավումը և տեխնիկական հագեցվածությունը:

Առանձնահատուկ քննարկման առարկա են դարձել նաև Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ազատազրկված անձանց պահման պատշաճ պայմանների ապահովման և նրանց իրավունքների ու ազատության երաշխավորման հետ կապված խնդիրների համակողմանի լուծման անհրաժեշտությունը: Ծառայության պետը հավաստիացրել է, որ վերջիններս պահվում են նույն պայմաններում, ինչ ՀՀ քաղաքացիները, և նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերին ու խնդիրներին օրենքի շրջանակներում տրվում են համապատասխան լուծումներ:

Հանդիպման ավարտին կողմերը միմյանց շնորհակալություն են հայտնել՝ հաստատված սերտ համագործակցության և խնդրո առարկա հարցերին անխոչընդոտ լուծումներ տալու համար: