Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը կդիմի՞ ԱԺ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար

Դատախազությունը կդիմի՞ ԱԺ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար
Իրավունք
14:17, 10 декабрь 2021
Սահմանադրական դատարանը երեկ՝ դեկտեմբերի 9-ին, հրապարակած որոշմամբ վճռեց, որ անազատության մեջ գտնվող անձը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո չի կարող պահվել անազատության մեջ։ Ամիսներ առաջ այս հարցով Սահմանադրական դատարան էին դիմել ընդդիմադիր պատգամավորները իրենց գործընկերների՝ «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորներ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի հարցով։

Երեքին էլ իրավապահները մեղադրանք են առաջադրել և կալանավորել պատգամավոր ընտրվելուց առաջ։  

Սահմանադրական դատարանը երեկ հրապարակեց որոշում, համաձայն որի՝ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ: Սահմանադրության նշված հոդվածի համաձայն՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցը չի քննարկվում, եթե նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո։
Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՍԴ որոշումից հետո հայտարարել է՝ պատրաստվում է դատարան միջնորդություն ներկայացնել` անհապաղ նիստ նշանակելու և Չարչյանին կալանքից ազատ արձակելու հարցով։

Պաշտպանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Չարչյանի գործով Առաջին ատյանի դատարանի դատավոր Միսակյանը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր, ժամը 14:00-ին:
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Civic.am-ի հարցին, թե դատախազությունը պատրաստվու՞մ է դիմել Ազգային ժողովին քրեական գործով անցնող պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու թույլտվություն տալու հարցով, ասաց. «Դատավարական կոնկրետ փուլում, կոնկրետ գործերով խափանման միջոցի հիմքերը կքննարկվեն»։

Նշենք, որ Դատախազությունն ունի իրավասություն դիմելու Ազգային ժողովին՝ ԱԺ պատգամավորներին կալանավորելու թույլտվություն ստանալու համար։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է  իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցել պարտադրելու մեջ։ Վերջինիս սպառնում է 4-7  տարվա ազատազրկում։

Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն էլ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) այն բանի համար, որ նա, 2016թ. սեպտեմբերի 23-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և կատարել պաշտոնեական կեղծիք։

Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը մեղադրվում է 2016-ին պաշտոնեական կեղծիք կատարելու և լիազորությունները չարաշահելու համար։

Վովա Հակոբյան