Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիս ՔԿՀ-ում ոտքերը գետնին մեխած Արտակ Խարտխալյանն ազատ է արձակվել. փորձագետի եզրակացությունները վկայում են, որ հանցագործությունը կատարվել է մեկ այլ անձի կողմից. պաշտպան

Գորիս ՔԿՀ-ում ոտքերը գետնին մեխած Արտակ Խարտխալյանն ազատ է արձակվել. փորձագետի եզրակացությունները վկայում են, որ հանցագործությունը կատարվել է մեկ այլ անձի կողմից. պաշտպան
Իրավունք
17:31, 24 март 2022
Արտակ Խարտխալյանը, որը փետրվարի սկզբին, գտնվելով Գորիս ՔԿՀ-ում, հացադուլ, ջրադուլ էր հայտարարել և, ի նշան բողոքի, ոտքերը մեխել էր գետնին, մարտի 7-ին ազատ է արձակվել, այնուհետև դատախազություն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Խարտխալյանի պաշտպան Յուրա Ավայանը։ 
 
Նշենք, որ ըստ մեղադրանքի նկարագրության՝ Արտակ  Խարտխալյանը, զորակոչված լինելով ծառայության, 2020 թվականի նոյեմբերի 29-ին վիճաբանել է զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Արտակ Մանուչարյանի հետ, որի ընթացքում, ըստ վարույթն իրականացնող մարմնի, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վիճաբանությանը միջամտած Վահե Մկրտչյանի ուղղությամբ՝ պատճառելով մահացու հրազենային մարմնական վնասվածք: Բացի դրանից, Արտակ Խարտխալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր նկատմամբ պետ հանդիսացող Արտակ Մանուչարյանին երկու անգամ տարբեր ժամանակահատվածներում հարվածել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ:  

«Դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ Արտակ Խարտխալյանը կալանավորվել է: Այնուհետև նախաքննության ընթացքում վերջինս պարբերաբար ազատ է արձակվել և կալանավորվել: Մասնավորապես, Արտակ Խարտխալյանը 2021թ. հունվարի 23-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում, 2021թ. օգոստոսի 18-ից դեկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ազատության մեջ և դրսևորել է պատշաճ վարքագիծ: Սույն քրեական գործի հարուցման պահից սկսած, տարբեր սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված, քննվել է իրականությունը խեղաթյուրելու և իրական հանցագործի արարքը Արտակ Խարտխալյանին մեղսագրելու սկզբունքներով»,-  ասաց Յուրա Ավայանը:

Խոսելով նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նապոլեոն Օհանյանի և Լուսինե Սեփխանյանի որոշումների մասին՝ պաշտպանն ասաց, որ ակնհայտ ապօրինի որոշումներով վերջիններս զրկել են Խարտխալյանին ազատությունից: 
Նա նաև տեղեկացրեց, որ սույն գործով 2022 թվականի մարտին ստացվել են փորձագետի եզրակացությունները, որոնք վկայում են հանցագործությունը մեկ այլ անձի կողմից կատարված լինելու մասին, որից հետո միայն Արտակ Խարտխալյանն ազատ է արձակվել:

«Այսինքն՝  ստացվում է, որ Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի ապօրինի ցուցումներով իրական հանցագործին մեղադրանք առաջադրելու փոխարեն մեղադրանք է առաջադրվել Արտակ Խարտխալյանին, այն պարագայում, երբ քննությամբ ձեռք են բերվել մի շարք էական նշանակություն ունեցող փաստեր, որոնք վկայել են այլ անձի կողմից հանցագործություն կատարված լինելու մասին, սակայն ակնհայտ ապօրինի որոշմամբ անձին մեղադրանք է առաջադրվել, իսկ դատավորներ Նապոլեոն Օհանյանը և Լուսինե Սեփխանյանը ապօրինի որոշումներով զրկել են անձին ազատությունից, այն պարագայում, երբ որևէ հիմք առկա չի եղել: Բացի դրանից, սույն գործով քննիչներից Կարեն Ղազարյանի անփույթ կամ դիտավորյալ գործողությունների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող հրազենի փոխարեն փորձագետին է տրամադրվել մեկ այլ քրեական գործով հանցագործության գործիք հրազենը, որի արդյունքում սխալ եզրակացություն է ստացվել, և միայն 2021 թվականի նոյեմբերին է կրկին նշանակվել դատագենետիկական փորձաքննություն, այն պարագայում, երբ, որպես անձին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն, վարույթն իրականացնողը մեկնաբանում էր փորձաքննության եզրակացության չստացված լինելու հանգամանքը: Վերոգրյալ ապօրինությունների արդյունքում տևական ժամանակ Արտակ Խարտխալյանը ապօրինի պահվել է անազատության մեջ»,- ասաց Յուրա Ավայանը:

Փաստաբանի խոսքով՝ վերը նշված, ինչպես նաև առկա մնացած ծանրակշիռ փաստարկները խոսում են անձանց ակնհայտ ապօրինի գործողությունների մասին: 

Լիլիթ Թադևոսյան