Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրգործով 40-հոգանոց քննչական խումբ է աշխատում, միջնորդություն է ներկայացվել կալանքը 2 ամսով երկարաձգելու. փաստաբան

Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրգործով 40-հոգանոց քննչական խումբ է աշխատում, միջնորդություն է ներկայացվել կալանքը 2 ամսով երկարաձգելու. փաստաբան
Իրավունք
13:12, 06 июнь 2022
«Այսօր՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդության քննարկումը։ Այս գործով դատավոր է հանդիսանում Արմեն Շիրոյանը»,- այս մասին գրառել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Civic.am-ի հետ զրույցում փաստաբանը նշեց, որ քննիչը միջնորդել է 2 ամսով երկարացնել Գերասիմ Վարդանյանի կալանքը։  
ՀՅԴ անդամին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի դադարի օրը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, Երևանում կատարված գործողությունների համար։ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգությունների կատարմանն օժանդակելու, ինչպես նաև ՔՕ 164 հոդվածի հատկանիշներով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։ 

Բենիկ Գալստյանի խոսքով՝ Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ անջատված մասով մոտ 40-հոգանոց քննչական խումբ է աշխատում, աակայն այս պայմաններում հարցաքննված անձինք քիչ են՝ մեկ քննիչին նույնիսկ մեկ հարցաքննվող բաժին չի ընկնում։ 

Հիշեցնենք, որ 2020թ.-ի նոյեմբերի 10-ին «Ազատություն» ռադիոկայանից հայտնեցին, որ գիշերը 04։00-ի սահմաններում մոտ 4 տասնյակ տղամարդ փորձել են ներխուժել «Ազատության» գրասենյակ, ոտքերով ու բռունցքներով հարվածել դռներին, հայհոյանքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին. «Նրանք ասում էին, որ եկել են «Ազատության» սերվերների հետևից։ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու»։ Խումբը լքել է տարածքը, երբ աշխատակիցները ոստիկանություն են զանգահարել։ Նշենք, որ գրասենյակ ներխուժել փորձողների մեջ էր նաև ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը»,- գրել էր լրատվականը։