Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարդազարյանի և Ջհանգիրյանի հանդիպմանը ներկա գտնված Ստեփան Միքայելյանը կհարցաքննվի

Վարդազարյանի և Ջհանգիրյանի հանդիպմանը ներկա գտնված Ստեփան Միքայելյանը կհարցաքննվի
Իրավունք
15:49, 12 июль 2022
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի հանդիպմանը ներկա գտնված խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը, պետք է հարցաքննվի Քննչական կոմիտեում։

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնում են, որ Միքայելյանը Դատական օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվել է որպես վկա հարցաքննվելու մասին։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն: Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։ Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել:

Քննչական կոմիտեում նյութեր էին նախապատրաստվում Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի զրույցի ձայնագրության վերաբերյալ: Նշենք՝ ԲԴԽ անդամ, նախագահ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները էական կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: