Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջհանգիրյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՔԿ․ Գոռ Աբրահամյան

Ջհանգիրյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՔԿ․ Գոռ Աբրահամյան
Իրավունք
15:53, 24 июнь 2022
Գագիկ Ջհանգիրյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դատախազությունը նախ Ռուբեն Վարդազարյանի ձայնագրության վերաբերյալ հրապարակումն էր Քննչական կոմիտե ներկայացրել, որպեսզի դրա հետ կապված նյութեր նախապատրատվեն։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումն էլ ուղարկվել է, որպեսզի այդ վարույթի շրջանակներում համատեղ ընթացքը լուծեն»,-նշեց Գոռ Աբրահամյանը։ 

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանն էլ տեղեկացրեց, որ տվյալ գործով դեռևս նյութեր են նախապատրաստվում։ 

Նշենք, որ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված աղմկահարույց ձայնագրությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ. «Մասնավորապես, այսօր հրապարակված ձայնագրությունում պարզ լսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, որ խառնվել է որոշ քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցմանը և անգամ որոշ անձանց ինդուլգենցիա է խոստանում՝ «քանի դեռ ողջ է»: Ընդ որում, ԲԴԽ-ն այսօր, ըստ էության, հաստատել է, որ ձայնագրությունը կեղծված չէ, դրանում իրապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ձայնն է»,- գրել էր Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ քննարկվում էր ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված 3 քրեական գործերի մասին, և ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ 2 քրեական գործերը ինքը փակել է, և մնացել է միայն մեկը։  

Նարա Մարտիրոսյան