Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունն ուսումնասիրում է Գագիկ Ջհանգիրյանի դեմ ներկայացված հաղորդման քննչական ենթակայությունը. Գոռ Աբրահամյան

Դատախազությունն ուսումնասիրում է Գագիկ Ջհանգիրյանի դեմ ներկայացված հաղորդման քննչական ենթակայությունը. Գոռ Աբրահամյան
Իրավունք
17:11, 21 июнь 2022
«Դատախազությունն ստացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, հիմա ուսումնասիրում է հիմքերը, քննչական ենթակայությունը։ Ընթացքի մասին կտեղեկացնենք»,- այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված աղմկահարույց ձայնագրությունից հետո «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի կողմից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մասին ինքնախոստովանական խոսքի վերաբերյալ. «Մասնավորապես, այսօր հրապարակված ձայնագրությունում պարզ լսվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը պատմում է, որ խառնվել է որոշ քրեական գործերի ընթացքին («սաղ փակել եմ»), խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցմանը և անգամ որոշ անձանց ինդուլգենցիա է խոստանում՝ «քանի դեռ ողջ է»: Ընդ որում, ԲԴԽ-ն այսօր, ըստ էության, հաստատել է, որ ձայնագրությունը կեղծված չէ, դրանում իրապես ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի ձայնն է»,- գրել էր Իոաննիսյանը:

Հիշեցնենք, որ ձայնագրության մեջ քննարկվում էր ԲԴԽ լիազորությունները կասեցրած նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված 3 քրեական գործերի մասին, որից 2-ն իբրև փակվել են ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջամտությամբ։ 
Ռուբեն Վարդազարյանի կողմից մամուլում հրապարակված ձայնագրությունը՝ իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։

Նարա Մարտիրոսյան