Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Ջհանգիրյանը ճիշտ է ասում քրեական գործի վրա ազդեցություն ունենալու առումով, և՛ նա, և՛ Վարդազարյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն. փաստաբան

Եթե Ջհանգիրյանը ճիշտ է ասում քրեական գործի վրա ազդեցություն ունենալու առումով, և՛ նա, և՛ Վարդազարյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն. փաստաբան
Հասարակություն
18:48, 20 июнь 2022
Հարուցված երեք քրեական գործ՝ ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, սակայն առկա է միայն մեկը։ Այսօր՝ հունիսի 20-ին, այս թեմայի շուրջ խոսակցության ձայնագրություն էր հրապարակել Ռուբեն Վարդազարյանն ու ներկայացրել այն, թե ինչպես է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը  համոզում իրեն հրաժարական տալ։  

Ըստ ձայնագրության՝ Գագիկ Ջհանգիրյանն ազդեցություն է ունեցել Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված 2 քրեական գործերի վրա՝ այսպես ասած, չթույլատրելով դրանք առաջ տանել, չնայած այդ ժամանակ որևէ պաշտոն չի ունեցել։

Civic.am
-ի հետ զրույցում փաստաբան  Գևորգ Գյոզալյանը նշեց, որ հասկանալի չէր՝ ձայնագրությունն ում դեմ էր՝ Վարդազարյանի՞, թե՞ Ջհանգիրյանի, և ընդգծեց, որ համապատասխան մարմինները մեծ գործ ունեն անելու: «Իմ մոտ տպավորություն է, որ այդ ձայնագրությունը շատ ավելի Վարդազարյանի դեմ էր։ Ձայնագրությունում խոսքը 3 քրեական գործի մասին էր, որից 2-ը ուղղորդված ձևով է առաջ գնում։ Հիմա ես չգիտեմ՝ Ջհանգիրյանն իրականում ազդեցություն ունի՞ այդ քրեական գործերի վրա, թե՞ չունի, բայց ակնհայտ հարց է առաջանում՝ ի՞նչ 2 քրեական գործի մասին է խոսքը, որի մասին մենք տեղյակ չենք»,- ասաց փաստաբանն ու հավելեց, որ չի կարծում, որ Վարդազարյանը ստեր իր հետ կապված 2 քրեական գործերի մասով. «Ես՝ որպես փաստաբան, որպես քաղաքացի, ակնկալում եմ իմանալ, թե այդ ինչ քրեական գործեր են, որոնք ավարտված չեն, և կա՞ արդյոք որևէ մեկը, որն ազդում է այդ քրեական գործերի վրա։ Այս տեսանկյունից որ նայում ենք, իրականում դժվար է ասել՝ այդ ձայնագրությունը Վարդազարյանի դե՞մ է, թե՞ Ջհանգիրյանի»։  

Գևորգ Գյոզալյանի դիտարկմամբ՝ միգուցե 2-ի դեմ էլ հավասար է գործելու այդ ձայնագրությունը. «Եթե պարզվի, որ Ջհանգիրյանի խոսքը ճշմարտությանը համապատասխանում է, ինչպես Ջհանգիրյանն է ենթակա պատասխանատվության՝ քրեական գործի վրա ազդեցություն ունենալու առումով, այնպես էլ Վարդազարյանը պետք է պատասխանատվության ենթարկվի այդ քրեական գործերի առնվազն մասով»: 

Նշենք, որ ըստ ձայնագրության՝ Ջհանգիրյանը չի թույլատրել Վարդազարյանի դեմ 2 քրեական գործերի հարուցումը։ Փաստաբանի մեկնաբանմամբ՝ սովորաբար մասնավոր զրույցներում մարդիկ ազատ են ու կարող են իրադրությունները չափազանցված ձևով ներկայացնել. «Նախ պետք է հասկանալ՝ կա՞ արդյոք 2 քրեական գործ, թե՞ ոչ, եթե կա, պետք է հասկանալ՝ դրա նկատմամբ ազդեցություն ունեցե՞լ է, թե՞ ոչ, և եթե ազդեցություն են ունեցել, պետք է հասկանալ՝ արդյոք Գագիկ Ջհանգիրյա՞նն է ազդեցություն ունեցել։ Որքան ես հասկացա, 2-ժամանոց ձայնագրություն է եղել, որից ընդամենը մի քանի րոպեն է ներկայացված, որից բնականաբար Վարդազարյանը փորձել է հրապարակել այն կտորը, որն իրեն ավելի լավ լույսի ներքո է ներկայացնում։ Վարդազարյանը պարտավոր է 2-ժամանոց ձայնագրությունը ներկայացնել և դրա բնօրինակի տեղը ցույց տալ, որովհետև կարծես թե հայտարարել է, որ դրա բնօրինակն այստեղ չէ»։   

Նշենք, որ ձայնագրությունն արվել է նախքան Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը, և ԲԴԽ-ն չի մեկնաբանել հացի սեղանի շուրջ արված այդ ձայնագրության հրապարակումը։

Նարա Մարտիրոսյան