Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ տեսանյութ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշյալ դեպքի առթիվ հաղորդումը ստացվել է 2022 թվականի օգոստոսի 15-ին՝ ժամը 17:40-ին, ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից և տեղեկացվել, որ Մասիս քաղաքի 36-ամյա բնակիչը հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ հնարավոր է քիչ հետո ինքը և 10 անձ մահանան: Նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում   նույն տղամարդը գնացել է Մասիսի  համայնքապետարանի վարչական շենք, ավտոմեքենան կայանել մուտքի դիմաց, մտնելով ներս՝ հրել է պահակին,  հայհոյանքներ  հնչեցնելով  բարձրացել է շենքի  4-րդ  հարկ,  որտեղից  նռնակ է  նետել դեպի դուրս և 2 անգամ կրակոց արձակել:

Տղամարդուն վնասազերծելու ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից  ձեռնարկված   միջոցառումների  շրջանակներում  2022 թվականի  օգոստոսի  20-ին՝  ժամը  00:30-ի սահմաններում,  Մասիսի   համայնքապետարանի   4-րդ հարկում   տեղակայված՝   համայնքի   ղեկավարի   աշխատասենյակում  հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դին՝ գլխի քունքային հատվածում հրազենային  մուտքային  և ելքային  վնասվածքով:

Կատարված  դեպքի  վայրի զննությամբ  համայնքապետարանի  վարչական շենքի  առջև   գտնվող   տարածքում  հայտնաբերվել է պայթյունի  օջախ  և  բեկորային վնասվածքներով   «Մազդա »  և «Ռենո»  մակնիշի  ավտոմեքենաներ:

36-ամյա տղամարդուն  ինքնասպանության  հասցնելու  դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը միացվել է վերոնշյալ քրեական վարույթին:

Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ, առգրավումներ, նշանակվել է փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: